Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Ռուսաստանում ընթացող ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիաների գավաթի 8-րդ խաղարկության խմբային փուլի երրորդ տուրի խաղում Նոր Զելանդիայի թիմի նկատմամբ հաղթանակը 2:0 հաշվով:
«Լավ հանդիպում էր: Օգնեցի թիմին, խփեցի առաջին գոլը: 11 մետրանոցից բացի, ունեցա այլ գոլային պահեր: Կարեւոր էր հաղթել այս խաղում: Ցանկանում էինք բոլոր հարցերը լուծել առաջին խաղակեսում:
Ի դեպ, բարդ խաղադաշտ էր, խոտածածկն այնքան էլ լավը չէր: Այսպիսի դաշտում հնարավոր չէր ցուցադրել որակյալ ֆուտբոլ: Գիտենք, որ կիսաեզրափակիչում լինելու է բարդ մրցակից: Թե՛ Չիլին, թե՛ Գերմանիան ուժեղ հավաքականներ են: Սակայն, մենք եւս շատ ուժեղ ենք եւ հավատում ենք հաղթանակին»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է sport-express.ru-ն:
Հիշեցնենք, որ 32-ամյա Ռոնալդուն, «Սանկտ Պետերբուրգ Արենա» ստադիոնում կայացած խաղում գրավելով Նոր Զելանդիայի հավաքականի դարպասը, Պորտուգալիայի հավաքականում գոլերի քանակը հասցրեց 75-ի եւ եվրոպական հավաքականների լավագույն ռմբարկուների ցուցակում երկրորդ տեղը կիսում է հունգարացի Շանդոր Կոչիշի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում