14:31  ,  8 մարտի, 2012

Նազիկ Ավդալյան. Ուզում եմ հայտարարել, որ ես չեմ ամուսնացել

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը կամուսնանա ապրիլի 22-ին, սակայն դա չի խանգարի նրան մտածել ԱԺ պատգամավոր դառնալու մասին: Հիշեցնենք, որ Նազիկ Ավդալյանը 2011-ին, ավտովթարի հետեւանքով լուրջ վնասվածք ստացավ եւ առայժմ չի կարող վերսկսել մարզումները:

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Նազիկ Ավդալյանի հետ:

Նազիկ, ինչպե՞ս ես քեզ զգում: Դժվա՞ր է առանց սպորտի:

Արդեն լավ եմ: Ամբողջությամբ ապաքինվել եմ, բայց  պարապունքների մասին դեռ վաղ է մտածել: Առանց սպորտի դժվար է: Փորձում եմ հարմարվել: Պետք է ժամանակ անցնի, ինչ արած… Ստիպված համակերպվում եմ, բայց սպորտը կարոտում եմ…

Նազիկ, դու ծրագրում  էիր մարզադպրոց հիմնել Վանաձորում:

Այո, ես նման մտադրություն ունեմ: Նույնիսկ արդեն ծրագրված էր, թե որտեղ է բացվելու մարզադպրոցը, բայց այժմ ծրագրերս փոխվել են.  դիմում եմ ներկայացրել ԲՀԿ խմաբկցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար: Երեւի շուտով տեղափոխվեմ Երեւան, այնպես որ առայժմ մարզադպրոցի նախագիծը կթողնեմ ապագային: Բայց դպրոցն անպայման կհիմնեմ: Իմ դպրոցում կմարզվեն կանայք եւ աղջիկներ: Իսկ նրանց կմարզեն ուժեղ սեռի ներկայացուցիչները: Կանանց ծանրամարտը պետք է զարգացնել Հայաստանում: Այժմ աղջիկների պակասի խնդիր կա: Նրանք չեն զբաղվում ծանրամարտով  ծնողների նախատինքով, որովհետեւ հայերը կարծում են, որ ծանրամարտը տղամարդու մարզաձեւ է, պարապմունքներին տղաներ շատ են մասնակցում, ինչը կկաշկանդի իրենց աղջիկներին: Բայց ես զգում եմ, որ այս սպորտաձեւը սիրված է հայ աղջիկների կողմից: Այս ամենից ելնելով՝ իմ մարզադպրոց կհաճախեն միայն աղջիկներ, որպեսզի որեւէ տղա մարզիկի ներկայություն նրանց կամ նրանց ծնողներին չկաշկանդի:

Նազիկ, հայկական ծանրամարտում այսօր ի՞նչ խնդիրներ ես տեսնում:

Դժվար է միանգամից գնահատել ծանրամարտը եւ, ընդհանրապես, հայկական սպորտը: Օրինակ` աշխարհի անցած առաջնութունը, ցավոք սրտի, ձախողեցինք: Այսպես կողքից հեշտ է մեղադրել, փնովել, բայց ես չեմ ուզում ոչ ոքին մեղադրել, քանի որ մարզիկներն առաջինն իրենք են ուզում լավ արդյունքներ ունենալ: Մարզիկների այդ գիտակցումը միայն այն մարդը կհասկանա, ով ապրել է այդ զգացումները, հաղթանակներն ու պարտությունները: Այնպես որ, կողքից միշտ էլ հեշտ է վատաբանել կամ բողոքել, իսկ դրանից հնարավորինս փորձենք զերծ մնալ, քանի որ միայն կվիրավորենք մեր մարզիկներին: Այժմ նրանք պատրաստվում են Եվրոպայի առաջնությանն ու Օլիմպիական խաղերին: Դեռ կոնկրետ գնահատական չեմ կարող տալ նրանց մարզավիճակի մասին: Բայց հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի:

Անձնական կյանքում ի՞նչ փոփոխություններ կան: Ինչպե՞ս ես զգում քեզ սիրող տղամարդու կողքին:

Սիրած տղամարդ կողքին ունենալը յուրաքանչյուր կնոջ լիարժեքության նշանն է: Մի ճշտում եմ ուզում մտցնել. չնայած լրագրողներն ու մարդիկ արդեն ինձ ամուսնացրել են, բայց ուզում եմ հայտարարել, որ ես չեմ ամուսնացել, այլ նշանվել եմ, այն էլ` վաղուց: Այժմ պատրաստվում եմ կյանքիս ամենակարեւոր օրվան` հարսանիքիս, որը տեղի կունենա ապրիլի 22-ին: Մի անգամ հաղորդման ժամանակ շնորհավորեցին ամուսնության կապակցությամբ, ինչը թյուրիմացության մեջ գցեց հանրությանը: Բայց ոչինչ… շատ շուտով…

Երջանի՞կ ես:

Իհարկե… Ոչ մի պատճառ չունեմ երջանիկ չլինելու: Սիրում եմ,  սիրված եմ:

Քանի՞ երեխա կցանկանաս ունենալ: Եվ եթե քո երեխաներից մեկը ձգտի մուտք գործել մեծ սպորտ, հնարավորություն կտա՞ս, եւ ո՞ր մարզաձեւը խորհուրդ կտաս:

Երկու կամ երեք երեխա կցանկանամ ունենալ: Իսկ եթե նրանցից մեկը սպորտի հանդեպ անտարբեր չլինի, երբեք չեմ արգելի կամ խոչընդոտ չեմ հանդիսանա նրա համար: Ես յուրաքանչյուր երեխայի, որքան էլ տարիքով փոքր լինի, նայում եմ որպես անհատականություն: Կփորձեմ ուղղություն տալ իմ երեխային, բայց կյանքում իմ կարծիքը չեմ պարտադրի նրան: Եթե, օրինակ, աղջիկ ունենամ եւ նա ցանկանա ծանրամարտով զբաղվել, չեմ արգելի:

Նշեցիր, որ ԲՀԿ խմբակցության անդամ դառնալու դիմում ես ներկայացրել: Ինչո՞վ է դա պայմանավորված:

Կուսակցություն մտնելն իմ որոշումն է: Մասնավորապես, ընտրեցի ԲՀԿ խմբակցությունը, քանի որ բազմիցս սպորտում տեսել եմ Գագիկ Ծառուկյանի աջակցությունը:

Անդամակցելով ԲՀԿ-ին՝ դու, փաստորեն,  հայտ ես ներկայացնում մտնել մեծ քաղաքականություն:

Քաղաքականության մեջ գտնվելով` ես կկարողանամ ավելի օգտակար լինել ժողովրդին` նույն՝ քաղաքական հարցերում: Հուսով եմ` իմ պլաններն իր հունով կընթանան այս ոլորտում:

Իսկ ԲՀԿ անդամ լինելով, կարո՞ղ ենք կանխատեսել քո մուտքը խորհրդարան:  Մամուլում գրվել է, որ դու զբաղեցնելու ես  ԲՀԿ համամասնական  ցուցակի 6-րդ հորիզոնականը:

Ես այդ մասին ընդհանրապես հարցազրույց չեմ տվել եւ չեմ հայտարարել, որ գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու եմ նաեւ ես: Դրանք միայն ենթադրություններ են կամ գուցե ԲՀԿ ղեկավարներն ունեն նման մտադրություն, բայց ես տեղյակ չեմ: Այդ մասին դեռեւս չեմ մտածում եւ նման հայտարարութուններ չեմ արել:

Իսկ պատկերացնո՞ւմ ես քեզ խորհրդարանում: Ի՞նչ կտա դա ծանրամարտի աշխարհի չեմպիոնին:

Այո, պատկերացնում եմ: Ինձ միանշանակ տեսնում եմ քաղաքականության մեջ: Ամեն մարդ իր ծրագրերն ու նպատակներն ունի: Ես ուզում եմ զբաղվել սպորտի հարցերով, օգտակար լինել մարզիկներին եւ երիտասարդությանը:

Ի՞նչ կմաղթես հայուհիներին մարտի 8-ի կապակցությամբ:

Կարիերա ստեղծող կանանց մաղթում եմ կայունություն, որ կարողանան իրենց դրսեւորել կյանքի բոլոր փուլերում, բնագավառներում: Մաղթում եմ, որ հասարակական գործունեությունն ու կարիերան չխանգարեն նրանք կառուցել անձնական կյանք: Իսկ կարիերայի ետեւից չընկնող կանանց միայն կանացի երջանկություն կմաղթեմ  «իսկական» տղամարդկանց կողքին: Ճիշտ է այն ասացվածքը, որ իսկական տղամարդու կողքին կինն ավելի գեղեցիկ է, երիտասարդ եւ ուրախ:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով