18:05  ,  31 մայիսի, 2017

Ռուբեն Հայրապետյան. Չեմ հեռանում ՀՖՖ նախագահի պաշտոնից, «Փյունիկն» էլ Սողոմոնյանին տրամադրել եմ անվճար

Ես չեմ հեռանում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Այդպիսի անհեթեթե բաների մի հավատացեք: Ինչ վերաբերում է «Փյունիկին», ապա ակումբը վաճառելու մասին խոսք լինել չի կարող: Պարզապես մենք ակումբի 100 տոկոս բաժնետոմսերը հանձնել ենք Արթուր Սողոմոնյանին:

Այդ մասին մայիսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում Հայրապետյանը խոսեց Երեւանի «Փյունիկ» ակումբի բաժնետոմսերը ռուսաստանցի գործարար Արթուր Սողոմոնյանաին փոխանցելու, Մախաչկալայի «Անժիի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի՝ Հայաստանի ազգային հավաքականում խաղալու հավանականության եւ այլ հարցերի մասին: Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց պատասխանել քաղաքական հարցերի:

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ հեռանալու եք ՀՖՖ նախագահի պաշտոնից ու Հայաստանից:

Մի հարց տամ. որտե՞ղ է առաջին անգամ գրվել, որ ես հեռանալու եմ Հայաստանից: Եթե կարելի է, ասեք, թե որ լրատվամիջոցում է առաջին անգամ տպագրվել դա: Ես ձեզ կհուշեմ, խորացեք եւ կտեսնեք՝ որտեղ է տպագրվել, եւ կտեսնեք, որ այդ մամուլը մի օր գրում է, որ ես նարկոբիզնեսով, զենքի ու կանանց վաճառքով եմ զբաղվում: Դասալիքն այդ թերթի ղեկավարն է: Ես կյանքում դասալքի չեմ լինի: Եթե խորը ուսումնասիրեք, թե ինչով եմ ես զբաղված վերջին 10 տարիներին, կհասկանաք, որ ինձնից ամուր Հայաստանի հողի վրա շատ քիչ մարդ կա կանգնած: Ես Հայաստանը երբեք չեմ լքի:

Ֆեդերացիայի նախագահի պաշտոնը մեկն է, եւ դեռ ես եմ այն զբաղեցնում, իմ տեղում նստած եմ: Այդպիսի անհեթեթե բաների մի հավատացեք:

Արցախում ինչո՞վ էիք զբաղվում:

Ես Արցախում համարյա ապրում եմ: Ամսվա կեսն այնտեղ եմ, կեսն՝ այստեղ: Եթե Արցախը Հայաստանից դուրս ենք համարում, ուրեմն՝ ես լքում եմ Հայաստանը:

Պարոն Հայրապետյան, ինչո՞ւ վաճառեցիք «Փյունիկ» ակումբը:

Վերջին 10 տարում ես անընդհատ կրկնել եմ՝ եթե լինի մարդ, որը պատրաստ կլինի եւ ես կհավատամ, որ դա այն մարդն է, ով կհովանավորի ու կպահի «Փյունիկը», ես պատրաստ կլինեմ զրո կոպեկով ակումբը հանձնել այդ մարդուն: Վերջերս հայտնվեց այդ մարդը, որը հավատ ներշնցեց ինձ մոտ: Ես միշտ գտել եմ, որ «Փյունիկը» հայկական փուտբոլի համար արժեք է: Ազգային հավաքականի խաղացողների գերակշող մասը միշտ տվել է «Փյունիկը»: Ես միշտ սխալ եմ համարել, որ «Փյունիկ» ակումբի տերը լինի  ֆեդերացիայի նախագահը լինի, նրա տղան կամ ընկերը: Վաճառելու մասին խոսք լինել չի կարող, որ ակումբի համար որեւէ մեկը գումար է տվել Հայրապետյան ընտանիքին: Այո, մենք ակումբի 100 տոկոս բաժնետոմսերը զիջել ենք այդ մարդուն, որը կհովանավորի եւ կպահի «Փյունիկ» ակումբը:

Նոր սեփականատիրոջը հարցրեք՝ պատրաստվում է մեծացնել ֆինանսավորումը, թե՝ ոչ: Նրան է հանձնվել ակումբը, իսկ գույքը մեր ընտանիքի սեփականությունն է լինելու: Այդ գույքն անվճար օգտագործման է հանձնվելու «Փյունիկին»: Իրականում, ոչ թե ակումբն է վաճառել, այլ ֆուտբոլիստները տրամադրվել են նրանց:

Ասում են՝ վաճառում է եւ փախչում Հայաստանից: Ի՞նչն եմ վաճառում: Այդ ո՞վ էր գումար տալու «Փյունիկի» համար, որ ես էլ վաճառել եմ: Ես 10 տարի ասել եմ, որ եթե գտնվի վստահելի մարդ, հենց այս պահին պատրաստ եմ հանձնել, որ վերջ դնեմ խոսակցություններին, թե իր ակումբն է, իր որդու ակումբն է: Ինձանից անցել են հիմա էլ տղայիս վրա են հոդված գրում: Որոշումը եղել է, որ ես մնում եմ ֆեդերացիայում եւ հանձնում եմ «Փյունիկը»: Իմ որդին այսօր կարող է «Փյունիկի» պես 5 ակումբ պահել: Թող բոլորը հեռու մնան իմ որդուց:

«Փյունիկի» նոր սեփականատերը նշել է, որ նրա առաջնային նպատակը 3-5 տարում Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճելն է: Ըստ ձեզ՝ դա իրատեսակա՞ն է:

Իհարկե, մեր զրույցից հասկացա, որ նա շատ հայրենասեր է, սիրում է ֆուտբոլ: Այո, ինքը երազում է, որ մեր հարեւան երկրների թիմերի պես կարող ենք մասնակցել Եվրոպայի լիգայի խմբային փուլին: Նման ծրագիր ունեն, եւ դա իրատեսական է: Ամեն բան կախված է ֆինանսներից: Կմեծասնես բյուջեն, կգնես ուժեղ խաղացողներ ու նոր լեգեոնականներ, եւ դա հնարավոր է:

Վերջերս Յուրա Մովսիսյանը նշել էր, որ կարոտում է հավաքականը: Դուք դեռ մնո՞ւմ եք նույն որոշմանը, որ Մովսիսյանը չհրավիրվի հավաքական:

Եթե կարոտում է, թող ամեն օր հավաքականի նկարը դնի ու նայի: Եթե կարոտում էին, ինչի էին փախչում հավաքականի խաղերից ու հրաժարվում խաղալ: Ես զարմանում եմ, ձեր աչքի առաջ է ամեն բան եղել: 3 տարի ինչո՞վ էր զբաղված Մովսիսյանը: Դեմագոգիայով պետք չէ զբաղվել: 3 տարի նա ֆուտբո՞լ էր խաղում: Եթե կարոտում էր, ինչո՞ւ էր փախչում հավաքականի խաղերից: Ինչու էր մեկ ժամ առաջ ասում, թե ոտքը ցավում է: Դուք որ մեկ անգամ սիրուն պատասխանեք նրան եւ անընդհատ չթողնեք, որ ես պատասխանեմ, ինքը խելոք վեր կընկնի իր տեղը:

Դավիդ Յուրչենկոյից վերջնական պատասխան ստացե՞լ եք:

Այդ մասին բոլորդ գիտեք: Մեր ներկայացուցիչը երկու անգամ հանդիպել է նրա հետ, իսկ նա ասում է, թե ոչ մեկ չի զրուցել իր հետ: Հիմա էլ եմ հայտարարում, գրկաբաց սպասում եմ նրան: Եթե Յուրչենկոն ցանկանում է խաղալ հավաքականում, մի մոռացեք, որ մենք ունեցել ենք փայլուն դարպասապահ՝ Ռոման Բերեզովսկի, որը երբեք չի վախեցել լեգեոնական դառնալուց: Նույնը՝ Սարկիսովն ու Կորյանը: Նրանք սրտով ու հոգով հավաքականի հետ են: Արդեն խոսվել է, որ ԵՏՄ կազմի մեջ մտնող երկրների ֆուտբոլիստները լեգեոնական չեն համարվի, եւ Յուրչենկոն շատ լավ գիտի դա: Կա օրենք, որը գրված է: Բոլոր երկրները ստորագրել են դա: Այդ հարցը բարձրացրել եմ ես ու Բելառուսի ֆեդերացիայի նախագահը: Մուտկոն պատասխանել է, սակայն նրա ասածը օրենք չէ: Ոչ էլ իմ ասածն է օրենք: Լեգեոնական լինել չլինելը խնդիր չէ: Ցանկացողը գալիս է հավաքական:

Արսեն Բեգլարյանին ու Յուրչենկոյին չի կարելի համեմատել ֆուտբոլային որակների առումով: Գուցե հետագայում Բեգլարյանը կարող է լինել ավելի ուժեղ, կամ՝ ոչ: Յուրչենկոն հիմա մեզ շատ պետք է առաջիկա 3 ընտրական խաղերին: Եթե նա չգա, հետագայում ոչ ոք չի կարող ինձ արգելել նրան հեռու պահել հավաքականից: Հիմա նա շատ է պետք մեզ: Եթե նա չգա հիմա, հետո այլեւս պետք չէ: Այժմ ունենք արտասահմանում հանդես եկող լավ դարպասապահ, սակայն նա դեռ պատանի է:

Ճի՞շտ է տեղեկությունը, որ Յուրչենկոն գումար է պահանջել հավաքականում խաղալու համար:

Ոչ:

Ինչպե՞ս եք վերաբերվում «Փյունիկն» անվանափոխելուն:

Սեփականատերն է դա որոշելու: Ինքս էլ հակված չեմ այդ անվանմանը: Նա ցանկանում է հանրային քննարկման դնել: Կցանկանայի, որ հայկական անուն լիներ:

Ի՞նչ կասեք նորաստեղծ ակումբների մասին:

«Լոռի» ակումբը հաջորդ մրցաշրջանից կմասնակցի Առաջին խմբին, իսկ ուղեգիր նվաճելու դեպքում՝ կտեղափոխվի Բարձրագույն խումբ: «Արցախ» ակումբը դիմել է մեզ, եւ մենք տվել ենք մեր համաձայնությունը: Սեփանակատերերն արտասահմանում բնակվող մեր հայրենակիցներն են: Ցավոք, լինելու է Երեւանի «Արցախ», բայց լինելու է «Արցախ»: Թիմը հաջորդ առաջնությունում հանդես կգա Հայաստանի Առաջին խմբում

Հայաստանը կարո՞ղ է առաջիկայում ընդունել մեծ մրցաշար:

2019 թվականի Եվրոպայի երատասարդական առաջնության եզրափակիչ փուլն անցկացվելու է Հայաստանում: Թող չթվա, թե մենք չենք կարող անցկացնել Չեմպիոնների լիգայի եւ ՈւԵՖԱ-ի մրցաշարի եզրափակիչ: Եթե մենք ունենային համապատասխան ստադիոն, կընդունեինք այդպիսի խաղեր:

«Հրազդան» ստադիոնի խնիդրը չի լուծվո՞ւմ:

ՈւԵՖԱ-ի կողմից արգելվել է միջազգային խաղեր անցկացնել «Հրազդանում»: Ստադիոնը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին: «Հրազդանում» Հայաստանի առաջնության խաղեր կարող էինք անցկացնել, սակայն սեփականատերն անհասկանալի պատճառներով արգելեց «Արարատին»: Միջազգային խաղեր անցկացնելու համար այնտեղ հրավիրել ենք միջազգային մասնագետների: Նրանք պահանջեցին այնպիսի գումարներ, որ կարելի է նոր ստադիոն կառուցել այդ գումարով: Խնդիրներ կան նաեւ Կապանի ստադիոնում: Դրանք կարգավորելուց հետո այն կվերանորոկվի եւ խաղեր կանցկացվեն այնտեղ:

Ինչպե՞ս կգնահատեք ակումբային ֆուտբոլի տարին Հայաստանում:

Կարծում եմ՝ հաջորդ առաջնությունից կլինեն փոփոխություններ, որոնք կնկատեք: 2018 թվականից 2 թիմով կավելանա Բարձրագույն խմբի մասնակիցների քանակը: Այս պահի դրությամբ հետընթաց եմ նկատում Հայաստանի առաջնությունում:

Տեղեկատվություն ունե՞ք, որ Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի գավաթը ցանկանում է բերել Հայաստան:

Բոլորիս շնորհավորում եմ այդ հաջողության համար: Հենրիխ Մխիթարյանը մեր հպարտությունն է: Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կտա մեզ այդ գավաթը: Դա լուրջ չէ: Ուրախալի է, որ մենք ունենք նման մարզիկ: Հույս ունենանք, որ գոնե այս տարի նա կընդգրկվի Հայաստանի 10 լավագույն մարզիկների թվում:

Քննարկվե՞լ է՝ Հայաստանի առաջնությունը վաճառել որեւէ կազմակերպության:

Բազմիցս եղել է: Եթե հիշում եք, տարիներ առաջ «Փյունիկի» խաղերին ստադիոնը լեփ-լեցուն էր: Ինչի եմ դա ասում, երբ ակումբներն ուժեղանան, լրագրողները կգրեն ու կներկայացնեն դա հանրությանը: Այդ դեպքում նաեւ երկրպագուները կգան ստադիոն: Այսօր նույնիսկ լրագրողները չեն գալիս առաջնության խաղերին: 2 ամիս առաջ քննարկել ենք վաճառքը, սակայն ցանկացողներ դեռ չկան:

Վերջին շրջանում Ձեր եւ Հրաչյա Ռոստոմյանի միջեւ հեռակա...

Հրաչյա Ռոստոմյանն ո՞վ է: Չեմ ճանաչում, հարցը փոխեք: Կներեք, նենց հարց է, ամոթ է պատասխանեմ:

Գեւորգ Կասպարովին կտեսնե՞նք հավաքականում:

Ոչ, քանի որ մարզիչը չի տեսնում նրան հավաքականում: Ես միշտ մարզիչի կողքին եմ ու համաձայն եմ նրա որոշման հետ, ինչպես նա՝ իմ: Այսօր հավաքականը մեկ ընտանիք է դարձել: Մի տվեք այնպիսի անուններ, որոնք կգան եւ կփչացնեն մթնոլորտը:

Նշվում էր, որ որոշ մարդկանց հեռացրել եք «Փյունիկից» ու հայկական ֆուտբոլից: Օրինակ՝ Արարատ Ճաղարյանին:

Քանի ես կամ, Ճաղարյանը նույնիսկ «Փյունիկի» դարպասների մոտ չեք տեսնի: Ով ուզում է լինի «Փյունիկի» սեփականատերը, Ճաղարյանին չեմ թողնի մոտենա ֆուտբոլին: Նրանք ֆուտբոլի չարիքներն են: Ֆեդերացիայի նախագահի աշխատանքն է, որ նա հավաքականին զերծ պահի կեղծ մարդկանցից: Եթե նախագահը չզբաղվի կազմի եւ այլ հարցով, ինչպես նրանից կարելի է պահանջել հաջող ելույթներ: Այո, կան մարդիկ, որոնց ես հեռացրել եմ՝ ֆուտբոլիստներ եւ մարզիչներ: Գտնում եմ, որ ճիշտ եմ արել: Արել եմ, որ 10 տարեկան երեխայից գումար չշորթեն: Նաեւ լրագրողների հետ կապված: Եթե կան կողմնակալ լրագրողներ, նրանց պետք է հեռու պահել հավաքականից:

Կանանց ֆուտբոլում ի՞նչ փոփոխություններ կարելի է կատարել:

Եթե մեր տղամարդկանց առաջնությունն է թույլ, ինչ կանանց ֆուտբոլի մասին է խոսքը: Ամենաշատն ինձն են պարտադրում զարգացնել կանանց ֆուտբոլը, բայց դա շատ դժվար է եւ կապված է ֆինանսների հետ: Չեմ կարող ակումբներին ստիպել պահել կանանց թիմեր:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով