00:38  ,  25 մայիսի, 2017

Հենրիխ Մխիթարյանի գոլը «Մանչեսթեր Յունայթեդին» օգնեց դառնալ Եվրոպայի լիգայի գավաթակիր (ֆոտոշարք)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» տիտղոսների հարուստ հավաքածուին գումարեց նաեւ Եվրոպայի լիգայի հաղթողի կոչումը: Եվրոպայի երկրորդ ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչում Անգլիայի 20-ակի չեմպիոնը Հենրիխ Մխիթարյանի գոլի օգնությամբ 2:0 հաշվով հաղթեց Ամստերդամի «Այաքսին», որը եվրագավաթների եզրափակիչում նախորդ անգամ հանդես եկել էր 1996-ին: Այս հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Ստոքհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում կայացած հանդիպումից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին «Մանչեսթեր արենա» ստադիոնում մայիսի 22-ին Արիանա Գրանդեի համերգի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 22 զոհվածների հիշատակը: Այդ ողբերգության պատճառով չկայացավ նաեւ եզրափակիչից առաջ նախատեսված շոուն:

Հենրիխ Մխիթարյանը դաշտ էր դուրս եկել անգլիական ակումբի մեկնարկային կազմում եւ դարձավ Հայաստանի հավաքականի առաջին ֆուտբոլիստը, որը խաղաց եվրագավաթների մրցաշարի եզրափակիչում:

Երիտասարդ ֆուտբոլիստներով համալրված «Այաքսի» խաղացողների գործողություններում սկզբում զգալ էր տալիս մեկնարկային լարվածությունը, իսկ մանչեսթերցիները սկզբնամասում գրոհները հիմնականում կազմակերպում էին երկար փոխանցումներով: Խաղի սկզբնամասն անցնում էր առանց գոլային պահերի: Հոլանդական ակումբն աստիճանաբար հաղթահարեց մեկնարկային լարվածությունը եւ սկսեց վստահորեն վերահսկել գնդակը: «Այաքսը» կարծես վերգտել էր իր խաղը, սակայն գոլ բաց թողեց 18-րդ րոպեին: Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հարվածից հետո գնդակն անդրադարձի միջոցով հայտնվեց հոլանդական ակումբի դարպասում: Բաց թողած գոլից հետո «Այաքսը» պահպանում էր տարածքային առավելությունը, բայց գոլային պահեր ստեղծել չէր հաջողվում: Մանչեսթերցիներն աչքի էին ընկնում գրագետ պաշտպանությամբ եւ անցկացնում արագ հակագրոհներ: Հենրիխ Մխիթարյանը խաղում էր կիսապաշտպանության ձախ եզրում, որտեղով անգլիական ակումբը հաճախ էր գրոհում: 31-րդ րոպեին Հենրիխը դեղին քարտ ստացավ կոպիտ խաղի համար: Խաղակեսի վերջնամասում հոլանդացիներըը մի քանի անգամ անհանգստացրին անգլիական ակումբի պաշտպանությանը, թեեւ գործն իրական գոլային պահերի չհասավ: «Մանչեսթեր Յունայթեդն», ընդհանուր առմամբ, չէր տպավորում առաջին խաղակեսում, բայց ընդմիջման գնաց հաշվի մեջ առջեւում:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հաշիվը դարձավ 2:0: «Մանչեսթեր Յունայթեդի» երկրորդ գոլը 48-րդ րոպեին խփեց Հենրիխ Մխիթարյանը, որն անկյունային հարվածի խաղարկման արդյունքում աչքի ընկավ շրջադարձ հարվածով: Երկրորդ խաղակեսում դաշտում բաց ֆուտբոլ էր ընթանում: Գրոհները շատ էին, բայց գոլեր չկային: 74-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանին փոխարինեց անգլիացի Ջեսի Լինգարդը, իսկ հայ կիսապաշտպանին ստադիոնում հավաքված անգլիացի երկրպագուները դաշտից ուղեկցեցին իր մասին երգով: Վերջնամասում «Այաքսի»՝ խաղը փրկելու բոլոր ջանքներն ապարդյուն էին: 86-րդ րոպեին Ջեսի Լինգարդը կարող էր հաշիվը դարձնել 3:0, սակայն կորցրեց 100 տոկոսանոց գոլային պահ:

Հենրիխ Մխիթարյանը 6 գոլով դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ռմբարկուն Եվրոպայի լիգայի այս մրցաշարում:  

Ժոզե Մոուրինյոն շարունակում է անպարտելի մնալ եվրագավաթների եզրափակիչներում: 

«Մանչեսթեր Յունայթեդը» պատմության մեջ առաջին անգամ հաղթեց Եվրոպայի լիգայում եւ «Այաքսից», Մյունխենի «Բավարիայից», Թուրինի «Յուվենտուսից» ու Լոնդոնի «Չելսիից» հետո դարձավ 5-րդ ակումբն է, որը տիտղոս է նվաճում Գավաթակիրների Գավաթում, Չեմպիոնների լիգայում եւ Եվրոպայի լիգայում (նախկինում՝ ՈւԵՖԱ-ի Գավաթ):

Եվրոպայի լիգա, եզրափակիչ

«Այաքս» (Հոլանդիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 0:2

Պոլ Պոգբա, 18, Հենրիխ Մխիթարյան, 48

«Մանչեսթեր Յունայթեդ». Սերխիո Ռոմերո, Անտոնիո Վալենսիա, Քրիս Սմոլինգ, Դեյլի Բլինդ, Մատեո Դարմիան, Անդեր Հերերա, Պոլ Պոգբա, Մարուան Ֆելաինի, Խուան Մատա (Ուեյն Ռունի, 90), Հենրիխ Մխիթարյան (Ջեսի Լինգարդ, 74), Մարկուս Ռեշֆորդ (Անտոնի Մարտիալ, 84)։

«Այաքս». Անդրե Օնանա, Ջոել Վելտման,Դավինսոն Սանչես, Մաթեյս Դե Լիգթ, Ջաիրո Ռիդեւալդ (Ֆրենկի դե Յոնգ, 82), Լասե Շյոնե (Դոնի վան դե Բեկ, 70), Դավի Կլասեն, Հակիմ Զիեշ, Բերտրան Տրաորե, Ամին Յունես, Կասպեր Դոլբերգ (Դավիդ Կամպոս, 62):

Դավիթ Եղիազարյան


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով