12:12  ,  5 մայիսի, 2017

Վոլոդյա Ֆրանգուլյան. Արմեն Մկրտչյանը միշտ ասում է, որ բոլորս չեմպիոններ ենք ու պետք է հաղթենք

Ընկեր Արմենը միշտ ասում է, որ մենք բոլորս չեմպիոններ ենք եւ պետք է հաղթենք ուժեղներին: Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց հաղթել ուժեղներին եւ առաջին մեդալը նվաճել մեծահասակների մրցաշարերում:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Սերբիայից այսպես իր հաղթանակը մեկնաբանեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճած Վոլոդյա Ֆրանգուլյանը: Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Վոլոդյա Ֆրանգուլյանը 10:0 հաշվով հաղթել էր թուրք Աբդի Զուրնաչիին, որին Թուրքիայի մրցաշարում պարտվել էր տուշեով:

«Շատ ուրախ եմ, որ կարողացա մեդալով ավարտել մրցելույթս Եվրոպայի առաջնությունում: Բավական բարդ առաջնություն էր, կային շատ տիտղոսակիր ըմբիշներ, մրցակցությունն ուժեղ էր: Չեմպիոն լինելն այլ է, ու ես միշտ ձգտում եմ լինել առաջին, բայց կյանքում եւ մեծ սպորտում միշտ չէ, որ հնարավոր է լինում հաղթել: Սա իմ առաջին հաջողությունն էր մեծահասակների մեջ եւ իսկապես շատ ուրախ եմ բրոնզե մեդալի համար:

Այս հաջողությանս համար շնորհակալ եմ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանին, թիմի մյուս մարզիչներին, իմ անձնական մարզիչին: Արմեն Մկրտչյանը միշտ ասում է, որ բոլորս չեմպիոններ ենք ու պետք է հաղթենք ուժեղներին, որպեսզի հասնենք հաջողությունների:

Չեմ ցանկանում եւ չեմ սիրում առաջ ընկնել եւ ծրագրեր կազմել Տոկիո-2020-ի հետ: Ամեն ինչ իր ժամանակն ունի: Այժմ ցանկանում եմ մի քանի օր հանգստանալ ու ավելի մեծ եռանդով սկսել մարզվել»,- ասաց Վոլոդյա Ֆրանգուլյանը:

Վոլոդյա Ֆրանգուլյանը Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:4 հաշվով հաղթել էր սլովակ Միկոլա Բոլոտնյուկին, իսկ հաջորդ փուլում 13:2 հաշվով պարտության էր մատնել բուլղարացի Դիմիտար Իվանովին: Կիսաեզրափակիչում նա 1:11 հաշվով պարտվել էր Ռուսաստանը ներկայացնող Ախմեդ Չակաեւին:

Եվրոպայի առաջնության վերջին օրը՝ մայիսի 5-ին, մեդալի համար կպայքարեն Հայաստանի վերջին 2 ներկայացուցիչները՝ Վալտեր Մարգարյանը (70 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում