Հայաստանի ներկայացուցիչներ Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ) ու Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) նվաճեցին Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի ուղեգրեր:
Վոլոդյա Ֆրանգուլյանը քառորդ եզրափակիչում 13:2 հաշվով հաղթեց բուլղարացի Դիմիտար Իվանովին: Նա մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:4 հաշվով պարտության էր մատնել սլովակ Միկոլա Բոլոտնյուկին: Կիսաեզրափակիչում Ֆրանգուլյանը կհանդիպի Ռուսաստանը ներկայացնող Ախմեդ Չակաեւի հետ:
Գրիգոր Գրիգորյանն էլ երրորդ մենամարտում 5:4 հաշվով ուժեղ գտնվեց վրացի Ավտանդիլ Կենտչաձեից: Եզրափակիչի ուղեգրի համար Գրիգորյանը կպայքարի թուրք Սոմեր Դեմիրտասի հետ: Հայ ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից՝ 10:1 հաշվով հաղթելով ավստրիացի Ամիրխան Վիսալիմովին: 1/8 եզրափակիչում նա մրցել էր լեհ Պյոտր Սոկալսկու հետ եւ առավելության հասել 6:0 հաշվով:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության նախորդ 2 մրցումային օրերին Հայաստանի հավաքականից հանդես են եկել Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ), որոնք մեդալ չեն նվաճել:
Ազատ ոճի ըմբշամարտի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության վերջին օրը՝ մայիսի 5-ին, մեդալի համար կպայքարեն Հայաստանի վերջին 2 ներկայացուցիչները՝ Վալտեր Մարգարյանը (70 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում