12:02  ,  28 ապրիլի, 2017

Յուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքի» ֆուտբոլիստների համար կազմակերպել է «Խոստումը» ֆիլմի փակ դիտում (ֆոտո)

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանն իր ակումբակիցների ու թիմի աշխատակիցների համար կազմակերպել է «Խոստումը» (The Promise) Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի փակ դիտում, հայտնում է ակումբի կայքը:

«Մենք պայքարող ազգ ենք, որը տեսել է ցեղասպանություն: «Խոստումը» ֆիլմի շնորհիվ վերջապես մեծ էկրանին ներկայացվեց ցեղասպանության իրական պատմությունը, թե ինչ է իրականում եղել 102 տարի առաջ: Սա շատ կարեւոր է հայերի համար, քանի որ մենք երկար տարիներ պայքարում ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Դա յուրաքանչյուր հայի պարտքն է: 

Անցել է 102 տարի, սակայն աշխարհի կեսը դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչի համար մենք շարունակում ենք պայքարել: Ինքս միշտ պայքարել եմ այն ամենի համար, ինչի հասել եմ իմ կյանքում:

Յուրաքանչյուր հայ, աշխարհի ցանկացած հատվածում հանդիպելով հայրենակցի, անմիջապես մտերմանում է նրա հետ: Ինքներս պետք է պաշտպանենք մեզ: Մենք ցեղասպանություն վերապրած կամ դրա ժամանակ սպանված մարդկանց թոռներ եւ ծոռներ ենք»,- ֆիլմի դիտումից հետո ասել է հայ ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ «Խոստումը» ֆիլմի շնորհանդեսը տեղի էր ունեցել ապրիլի 21-ին Լոս Անջելեսում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում