13:41  ,  14 մարտի, 2017

Մոուրինյոյի հետխաղյա մեկնաբանությունն ու պատասխանը «Չելսիի» ֆանատներին (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Անգլիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչում իր նախկին ակումբ «Չելսիից» կրած պարտությունը նվազագույն հաշվով:

«Չեմ ցանկանում խոսել կարմիր քարտի մասին: Միայն ցանկանում եմ ասել, որ հպարտ եմ իմ խաղացողներով ու «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներով: Մենք տեսանք խաղ կարմիր քարտից հետո եւ առաջ: Մայքլ Օլիվերը ֆանտաստիկ պոտենցիալով մրցավար է, սակայն 4 խաղում նա նշանակել է 11 մետրանոց 3 հարված եւ ցույց տվել կարմիր քարտ: Ես չեմ կարող փոխել դա, քանի որ սեղմել եմ մրցավարի ձեռքը եւ նրան շնորհավորել աշխատանքի համար»,- Մոուրինյոյի խոսքը փոխանցում է BBC-ն:

Պորտուգալացի մասնագետը նաեւ մեկնաբանել է «Չելսիի» ֆանատների կողմից հնչած վիրավորական արտահայություններին, որին նա պատասխանել էր՝ ձեռքի մատներով ցույց տալով 3 թիվը («Չելսին» Մոուրինյոյի հետ 3 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն):

«Նրանք կարող են ինձ անվանել այնպես, ինչպես ցանկանում են: Քանի դեռ չի հայտնվի մարզիչ, որը «Չելսիին» կհասցնի 4 չեմպիոնական տիտղոսների, ես կմնամ համար առաջինը նրանց համար: Եթե ինչ-որ մարզիչ «Չելսիի» հետ դառնա Անգլիայի քառակի չեմպիոն, ես կդառնամ համար երկուսը: Իսկ մինչեւ այդ Հուդան համար մեկն է»,- ասել է Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ Լոնդնում կայացած խաղում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Անգլիայի գործող գավաթակրի մեկնարկային կազմում էր եւ հանդես էր գալիս հարձակման գծում, սակայն 36-րդ րոպեին փոխարինվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Անդեր Հերերայի հեռացումից հետո: «Չելսին» կիսաեզրափակիչում կխաղա «Տոտենհեմի» հետ: Մյուս զույգը կազմել են «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին»: 2 հանդիպումներն էլ տեղի կունենան Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում ապրիլի 22-ին ու 23-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում