01:38  ,  14 մարտի, 2017

«Չելսին» «Մանչեսթեր Յունայթեդին» դուրս թողեց Անգլիայի Գավաթից

«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս մնաց ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկությունից եւ չկարողացավ պաշտպանել տիտղոսը: 1/4 եզրափակիչի վերջին խաղում Ժոզե Մոուրինյոյի թիմը հյուրընկալվեց Պրեմյեր լիգայի առաջատար «Չելսիին» ու պարտվեց նվազագույն հաշվով:

Ինչպես ռուսական «Ռոստովի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում, այնպես էլ այս մրցավեճում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսել էր «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում եւ հանդես էր գալիս հարձակման գծում:

Առաջին խաղակեսում «Չելսին» ավելի լավ տեսք ուներ եւ ստեղծեց մի քանի իրական գոլային պահեր, սակայն Դավիդ Դե Խեայի հուսալի խաղը հյուրերին փրկեց գոլից: «Մանչեսթեր Յունայթեդի» գրոհները վտանգավոր չէին ստացվում առաջին խաղակեսում: 34-րդ րոպեին մանչեսթերցիները մնացին 10 խաղացողներով: Իսպանացի կիսապաշտպան Անդեր Հերերան «Չելսիի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարի հետ պայքարելիս կոպիտ խաղի համար ստացավ երկրորդ դեղին քարտը եւ հեռացվեց դաշտից: 36-րդ րոպեին Ժոզե Մուորինյոն փոխարինեց Հենրիխ Մխիթարյանին՝ խաղադաշտ դուրս բերելով բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինիին: Թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում լոնդոնյան ակումբը բացեց հաշիվը ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեի գոլի շնորհիվ: Դա Կանտեի երկրորդ գոլն էր «Չելսիի» կազմում: Առաջինը եւս նա խփել էր «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում: Ընդմիջումից հետո «Չելսին» ուներ մեծ առավելություն եւ անցկացրեց բազմաթիվ վտանգավոր գրոհներ, սակայն բավարարվեց մեկ գոլով:

Հատկանշական է, որ «Չելսին» «Մանչեսթեր Յունայթեդին» չի պարտվել 2012 թվականի հոկտեմբերից՝ 12 խաղ անընդմեջ (7 հաղթանակ, 5 ոչ ոքի):

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի գործող գավաթակիրն է:  Ավելի վաղ Անգլիայի Գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր էին նվաճել «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը» ու «Տոտենհեմը»: Կիսաեզրափակիչի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ:

Անգլիայի Գավաթ, 1/4 եզրափակիչ

«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:0

Նգոլո Կանտե, 51

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում