22:12  ,  7 մարտի, 2012

Արսեն Ջուլֆալակյան. Պատահականություններ լինում են, բայց անհնար է, որ պատահական մարդը դառնա օլիմպիական չեմպիոն

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մարտի 10-ից կմասնակցի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը: 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանն առայժմ միակն է մեր թիմում, ով նվաճել է Օլիմպիական խաղերի ուղեգիր, բայց այս առաջնությունում էլ Արսենը դուրս կգա ասպարեզ:

NEWS.am Sport-ի թղթակիցը մրցավայր մեկնելուց առաջ զրուցել է Արսեն Ջուլֆալակյանի հետ:

Արսեն, օլիմպիական տարում Եվրոպայի առաջնությունը նախապատրաստական փուլ է դառնում օլիմպիական վարկանիշային մրցումներից առաջ: Տրամադրվածության ու նախապատրաստության առումով կա՞ տարբերություն:

Եվրոպայի առաջնությունն անցումային փուլ է մեր թիմի համար, իսկ հիմնական նպատակն Օլիմպիական խաղերի ուղեգրերն են: Քանի որ ես այդ վարկանիշը վաստակել եմ, ինձ համար շատ կարեւոր է ճիշտ նախապատրաստվել: Սակայն, եթե թիմը մեկնում է Եվրոպայի առաջնության, ուրեմն մեկնում է հաղթանակների հասնելու նպատակով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հավաքականում ընդգրկված են բարձարկարգ ու ճանաչված ըմբիշներ, այլ կերպ չի էլ կարող լինել: Բոլորն էլ  ձգտելու են հասնել առավելագույն հաջողության այնպիսի հեղինակավոր մրցաշարում, ինչպիսին Եվրոպայի առաջնությունն է, ես չեմ կասկածում:

Սակայն մնում է վնասվածք ստանալու ռիսկը:

Եվրոպայի առաջնության կարգի մրցաշարերը միշտ էլ  վնասվածք ստանալու վտանգ պարունակում են: Սակայն բարձրակարգ մարզիկը տարեկան առնվազն երեք նման կարգի մրցաշարի պետք է մասնակցի, որպեսզի կարողանա լավ մարզավիճակ պահել: Երբ լավ մարզավիճակում ես՝ վնասվածք ստանալու հավանականությունը քիչ է, քանի որ վնասվածքները  առաջանում են, երբ մարզիկը պատրաստ չէ ֆիզիկապես, հոգնած է: Թեեւ ըմբշամարտի նման մարզաձեւում վնասվածքները կարող են լինել ամեն ինչից անկախ:

Արսեն, մեր հավաքականում ձեր ընտանիքն արդեն երեք ներկայացուցիչ ունի: Ի՞նչ է քեզ համար նշանակում մարզվել հորդ` Լեւոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ եւ եղբորդ` 66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանի հետ:

Հին Հունաստանում մի կին եղել է օլիմպիական չեմպիոնի կին եւ օլիմպիական չեմպիոնի մայր: Ուզում ենք օգնել մեր մայրիկին հասնել այդ արդյունքին: Եթե ավելի լուրջ, ապա Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ մարզվելը եւ շատ հաճելի է, եւ շատ բարդ է: Տարին տասներկու ամիս, փաստորեն, ես գտնվում եմ գլխավոր մարզչի հսկողության տակ: Բայց մյուս կողմից էլ ես իմ կոզքին ունեմ օլիմպիական չեմպիոն, ով ամեն վայրկյան ինձ օգտակար է լինում իր խորհուրդներով: Եղբայր լավ մարզիկ լինելուց բացի, հիանալի մարդ է, ով ամեն ինչ արել է, որ ես հաղթանակներ ունենամ: Հիմա արդեն ամեն ինչ փոխադարձաբար է լինելու: Ես էլ ամեն ինչ պետք է անեմ, որ Արամը նույնպես հասնի հաջողությունների:

Արսեն, հայրդ նախկին ԽՍՀՄ չեմպիոն չդարձավ, սակայն նվաճեց Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը: Պարզ է, որ սպորտում հաջողության հասնելու համար մարզիկը պետք է հոգեբանորեն լավ պատրաստված լինի: Երբեմն պատահականությունն է օգնում մարզիկներին: Օլիմպիական խաղերը անցկացվում են չորս տարին մեկ, գուցե հենց սա է, որ որոշ մարզիկներ չեն կարողանում սառնասիրտ մոտենալ այս մրցաշարին ու մինչեւ Օլիմպիական խաղերը մեծ հաջողությունների հասնելով` օլիմպիադայում անհաջողության են մատնվում:

Իմաստուններից մեկն ասել է. պատահականություններ լինում են, բայց դրանց վրա պետք է շատ աշխատել: Նույնը մեր մարզաձեւում է: Պատահականություններ լինում են, բայց անհնար է, որ պատահական մարդը դառնա օլիմպիական չեմպիոն: Քանի որ մենապայքարային մարզաձեւ է, մարզիկը պետք է տվյալ օրն իրեն շատ լավ զգա: Կարող է մրցումից առաջ գիշերը լավ չքնել, եւ դա անմիջապես կանդրադառնա նրա գործողությունների վրա: Իհարկե, մեծ դեր ունի նաեւ հոգեբանությունը: Մարզիկներ են եղել, ովքեր երեք տարի անընդմեջ նվաճել են աշխարհի չեմպիոնի կոչումը, բայց Օլիմպիական խաղերում անհաջողության են մատնվել: Պետք է ամեն ինչին սառնասրտորեն մոտենալ: Պատասխանատվությունն էլ է շատ կարեւոր գործոն: Հայրս ԽՍՀՄ առաջնությունում զբաղեցրեց երրորդ տեղը, բայց մարզիչները վստահեցին հենց նրան Օիմպիական խաղերում հանդես գալը, ու նա պատվով դուրս եկավ այդ իրավիճակից` բարձր պահելով ոչ միայն իր, այլ նաեւ մարզչի պատիվը:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով