22:12 7 մարտի, 2012Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մարտի 10-ից կմասնակցի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը: 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանն առայժմ միակն է մեր թիմում, ով նվաճել է Օլիմպիական խաղերի ուղեգիր, բայց այս առաջնությունում էլ Արսենը դուրս կգա ասպարեզ:
NEWS.am Sport-ի թղթակիցը մրցավայր մեկնելուց առաջ զրուցել է Արսեն Ջուլֆալակյանի հետ:
Արսեն, օլիմպիական տարում Եվրոպայի առաջնությունը նախապատրաստական փուլ է դառնում օլիմպիական վարկանիշային մրցումներից առաջ: Տրամադրվածության ու նախապատրաստության առումով կա՞ տարբերություն:
Եվրոպայի առաջնությունն անցումային փուլ է մեր թիմի համար, իսկ հիմնական նպատակն Օլիմպիական խաղերի ուղեգրերն են: Քանի որ ես այդ վարկանիշը վաստակել եմ, ինձ համար շատ կարեւոր է ճիշտ նախապատրաստվել: Սակայն, եթե թիմը մեկնում է Եվրոպայի առաջնության, ուրեմն մեկնում է հաղթանակների հասնելու նպատակով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հավաքականում ընդգրկված են բարձարկարգ ու ճանաչված ըմբիշներ, այլ կերպ չի էլ կարող լինել: Բոլորն էլ ձգտելու են հասնել առավելագույն հաջողության այնպիսի հեղինակավոր մրցաշարում, ինչպիսին Եվրոպայի առաջնությունն է, ես չեմ կասկածում:
Սակայն մնում է վնասվածք ստանալու ռիսկը:
Եվրոպայի առաջնության կարգի մրցաշարերը միշտ էլ վնասվածք ստանալու վտանգ պարունակում են: Սակայն բարձրակարգ մարզիկը տարեկան առնվազն երեք նման կարգի մրցաշարի պետք է մասնակցի, որպեսզի կարողանա լավ մարզավիճակ պահել: Երբ լավ մարզավիճակում ես՝ վնասվածք ստանալու հավանականությունը քիչ է, քանի որ վնասվածքները առաջանում են, երբ մարզիկը պատրաստ չէ ֆիզիկապես, հոգնած է: Թեեւ ըմբշամարտի նման մարզաձեւում վնասվածքները կարող են լինել ամեն ինչից անկախ:
Արսեն, մեր հավաքականում ձեր ընտանիքն արդեն երեք ներկայացուցիչ ունի: Ի՞նչ է քեզ համար նշանակում մարզվել հորդ` Լեւոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ եւ եղբորդ` 66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանի հետ:
Հին Հունաստանում մի կին եղել է օլիմպիական չեմպիոնի կին եւ օլիմպիական չեմպիոնի մայր: Ուզում ենք օգնել մեր մայրիկին հասնել այդ արդյունքին: Եթե ավելի լուրջ, ապա Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ մարզվելը եւ շատ հաճելի է, եւ շատ բարդ է: Տարին տասներկու ամիս, փաստորեն, ես գտնվում եմ գլխավոր մարզչի հսկողության տակ: Բայց մյուս կողմից էլ ես իմ կոզքին ունեմ օլիմպիական չեմպիոն, ով ամեն վայրկյան ինձ օգտակար է լինում իր խորհուրդներով: Եղբայր լավ մարզիկ լինելուց բացի, հիանալի մարդ է, ով ամեն ինչ արել է, որ ես հաղթանակներ ունենամ: Հիմա արդեն ամեն ինչ փոխադարձաբար է լինելու: Ես էլ ամեն ինչ պետք է անեմ, որ Արամը նույնպես հասնի հաջողությունների:
Արսեն, հայրդ նախկին ԽՍՀՄ չեմպիոն չդարձավ, սակայն նվաճեց Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը: Պարզ է, որ սպորտում հաջողության հասնելու համար մարզիկը պետք է հոգեբանորեն լավ պատրաստված լինի: Երբեմն պատահականությունն է օգնում մարզիկներին: Օլիմպիական խաղերը անցկացվում են չորս տարին մեկ, գուցե հենց սա է, որ որոշ մարզիկներ չեն կարողանում սառնասիրտ մոտենալ այս մրցաշարին ու մինչեւ Օլիմպիական խաղերը մեծ հաջողությունների հասնելով` օլիմպիադայում անհաջողության են մատնվում:
Իմաստուններից մեկն ասել է. պատահականություններ լինում են, բայց դրանց վրա պետք է շատ աշխատել: Նույնը մեր մարզաձեւում է: Պատահականություններ լինում են, բայց անհնար է, որ պատահական մարդը դառնա օլիմպիական չեմպիոն: Քանի որ մենապայքարային մարզաձեւ է, մարզիկը պետք է տվյալ օրն իրեն շատ լավ զգա: Կարող է մրցումից առաջ գիշերը լավ չքնել, եւ դա անմիջապես կանդրադառնա նրա գործողությունների վրա: Իհարկե, մեծ դեր ունի նաեւ հոգեբանությունը: Մարզիկներ են եղել, ովքեր երեք տարի անընդմեջ նվաճել են աշխարհի չեմպիոնի կոչումը, բայց Օլիմպիական խաղերում անհաջողության են մատնվել: Պետք է ամեն ինչին սառնասրտորեն մոտենալ: Պատասխանատվությունն էլ է շատ կարեւոր գործոն: Հայրս ԽՍՀՄ առաջնությունում զբաղեցրեց երրորդ տեղը, բայց մարզիչները վստահեցին հենց նրան Օիմպիական խաղերում հանդես գալը, ու նա պատվով դուրս եկավ այդ իրավիճակից` բարձր պահելով ոչ միայն իր, այլ նաեւ մարզչի պատիվը:
Զրուցեց Խաչիկ Չախոյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.