21:50  ,  23 փետրվարի, 2017

Մայքլ Օուեն. Հենրիխ Մխիթարյանի վնասվածքն աղետ չէ «Մանչեսթեր Յունայթեդի» համար

Մադրիդի «Ռեալի», «Լիվերպուլի» եւ Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օուենն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքին, որը նա ստացել էր ֆրանսիական «Սենթ Էթյենի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղի առաջին խաղակեսում:

«Դա յուրաքանչյուր խաղում լավագույն կազմով խաղալու արժեքն է: Եթե դա տեղի ունենար այլ ֆուտբոլիստների հետ, ապա պետք էր զղջալ այդ որոշման համար: Մխիթարյանը հիանալի տեսք ուներ վերջին շաբաթների ընթացքում, սակայն այդ դիրքում Մոուրինյոն ունի նաեւ այլ տարբերակներ:

Եթե վնասվածք ստանար Իբրահիմովիչը, կառաջանային հարցեր, թե հնարավո՞ր չէր խուսափել դրանից: Բայց կան Մարտիալն ու Ռեշֆորդը, շատ ֆուտբոլիստներ: Այո, դա կորուստ է, սակայն աղետ չէ այս պահի համար: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում կան մի շարք որակյալ խաղացողներ»,- «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է thesportreview.com-ը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում կայացած խաղում Մխիթարյանը 16-րդ րոպեին բացել էր հաշիվը, իսկ 25-րդ րոպեին փոխարինվել մկանային վնասվածքի պատճառով: Հայաստանի հավաքականի ավագի մասնակցությունը հարցականի տակ է «Սաութհեմփթոնի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչին, որը կկայանա փետրվարի 26-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում