21:57  ,  6 փետրվարի, 2017

Աղասի Աղասյան. Ինձ որոշ մարդիկ չէին սիրում, ինչն ազդեց մարզական կարիերայիս վրա

Երեւանում ավարտված ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնության  85 եւ 94 կգ քաշային կարգերի մրցման օրը տեղի ունեցավ միջադեպ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի եւ 85 կգ քաշային կարգում Հայաստանի առաջատար ծանրորդ Աղասի Աղասյանի մասնակցությամբ:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Աղասի Աղասյանը խոսեց միջադեպի մանրամասների, սպորտից հեռանալու, հայկական ծանրամարտի ու  մարզիկների խնդիրների մասին:

Աղասի, ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանի առաջնությունում, ի՞նչը քեզ դրդեց մարզակոշիկներդ թողնել մրցահարթակում:

Հայաստանի առաջնությունում ես նախապատրաստվել էի 85 կգ քաշայինների պայքարին եւ լիարժեք պատրաստ էի, շատ լավ մարզավիճակ ունեի: Կշռման արարողության ժամանակ քաշի խնդիր առաջացավ՝ 300 գրամ ավել էր քաշս եւ դա խնդիր դարձավ: Փաշիկ Ալավերդյանին խնդրեցի ինձ հնարավորություն տալ մինչեւ մրցումը քաշս գցելու, որպեսզի ես իմ քաշային կարգում հանդես գամ, բայց նա թույլ չտվեց: Այդ 300 գրամը էական նշանակություն չէր ունենալու, բոլորն էլ գիտեին, որ ես 85 կգ քաշային կարգում եմ հանդես գալիս: Հնարավորությունն ինձ չտրվեց, ես էլ ստիպված մասնակցեցի 94-ում: Այսինքն՝ առհասարակ չէի ցանկանում մասնակցել, բայց որոշեցի գեղեցիկ ավարտել մարզական կարիերաս, գեղեցիկ մասնակցություն ունենալ եւ այդպես վերջ դնել ծանրորդի կարիերայիս:

Մարզական կարիերադ ավարտելու մտադրություն ավելի վա՞ղ ես ունեցել:

Այո, իրականում մտքիս կար որպես մարզիկ հեռանալ սպորտից եւ շարունակել զբաղվել մարզչական գործունեությամբ: Բայց սպասում էի Հայաստանի առաջնությանը եւ կարծում էի, որ գուցե իրավիճակն այնպես դասավորվեր, որ մտափոխվեմ եւ դեռ շարունակեմ, քանի որ առջեւում Եվրոպայի առաջնությունն է, այլ մրցաշարերը: Բայց էլի, ինչպես միշտ է լինում, այնպիսի մթնոլորտ ստեղծվեց, որ հաճելի չի մարզիկի համար, այդ մթնոլորտից դրդված մարզիկը գնում է կտրուկ քայլերի, որովհետեւ չի ցանկանում շարունակել մնալ այդպիսի մթնոլորտում:

94 կգ քաշայինների պայքարում զբաղեցրիր երկրորդ տեղը, սակայն հրաժարվեցիր մեդալից եւ պարգեւից: Այդքա՞ն էին հնարավորություններդ, թե՞ զուտ մասնակցություն ապահովեցիր:

Եթե մարզիկը պատրաստվում է 85 կգ քաշայինների պայքարին, ապա նա համապատասխանաբար 85 կգ քաշայինների համար նախատեսված կիլոգրամներ պետք է բարձրացնի: Բայց ես առավել էի նախապատրաստվել, որովհետեւ երբեք չեմ բավարարվել իմ արդյունքներով: Երկրորդ տեղն ընկա, քանի որ շատ քիչ կիլոգրամներ բարձրացրեցի: Ավելի շատին էին պատրաստ, բայց հենց սկզբից քիչ սկսեցի, որպեսզի 6 մոտեցումն էլ լիարժեք կատարեմ, որեւէ մեկը չձախողեմ: Իրականում ուզում էի զուտ գեղեցիկ մասնակցությունս ապահովել: Երկրորդ տեղ գրավելը եւս ձախողում չեմ համարում, քանի որ ես դուրս եկա մրցահարթակ գեղեցիկ ծանրամարտ ցույց տալու, բոլոր մոտեցումներս կատարելու եւ այդպես գեղեցիկ հեռանալու նպատակով: Թե մարզիկները՝ 85 եւ 94 կգ քաշայինների ներկայացուցիչները, թե մարզիչները եւ թե առաջնության հանդիսատեսը հասկացան, տեսան ու գիտակցեցին, որ եթե ես 85-ի պայքարում դուրս գայի մրցահարթակ, ինձ  հավասարը չէր լինելու, նույնիսկ կիլոգրամներով ինձ մոտ կանգնողներ չէին լինելու: Այդ քաշում ինձ ոչ ոք նույնիսկ մոտ չէր կարող գալ կիլոգրամներով: 85 կգ քաշայինների Հայաստանի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը 20 կգ պակաս բարձրացրեց: Այն արդյունքով, որով նա դարձավ Հայաստանի չեմպիոն, ես 20 կգ-ից շատ եմ բարձրացնում մարզումների ընթացքում:

Միտումնավորություն տեսնո՞ւմ ես Փաշիկ Ալավերդյանի գործողությունների մեջ:

Ես ծանրամարտից հեռանում եմ այն պատճառով, որ սպորտային սկզբունքները անցել են անձնական սկզբունքների դաշտ: Մեկը կարող է ինձ չսիրել, ու դա ազդի իմ մարզական կարիերայի վրա: Ինչ կարեւոր է՝ դու ինձ սիրում եմ, թե ոչ, եթե այդ քաշում ինձ հավասարը չկա, ինչպես դու կարող ես անձնական պրինցիպների, անձնական սիմպատիայի պատճառով մարզական կարիերայի վրա ազդել: Ինչո՞ւ այսօր ես պետք է թողնեի սպորտը, ինչ է՝ ինձ ոմանք չեն սիրում...

Այսինքն՝ քեզ չի սիրում Փաշիկ Ալավերդյա՞նը, թե՞ ավելի բարձր պաշտոնյաներ կան, որ քեզ չեն սիրում:

Չէ... Ավելի բարձր մարդկանց հետ ես գործ չունեմ ու նրանք կապ չունեն այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում ծանրամարտի հավաքականում:  Զուտ սիմպատիայի հարց է. ես ոմանց դուր չեմ գալիս ու վերջ:

Չե՞ս ափսոսում քայլերիդ համար:

Չեմ փոշմանում ոչնչի համար, այն ինչ արել եմ, լավ եմ արել, այդպես էր պետք, այդպես եմ արել: Սա ճիշտ չէր, բայց ստացվեց այսպես, ու ոչինչ փոխել այլեւս չի լինի ու պետք էլ չի: 10 տարեկանից եմ զբաղվում ծանրամարտով, սկսել եմ Երեւանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում ու մինչ օրս մարզվում եմ այստեղ: Սկսել եմ մարզվել մարզիչ Երվանդ Կիրակոսյանի մոտ: Առաջին միջազգային մրցումս եղել է 2005 թվականին՝ մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որտեղ 6-րդ տեղ ընկա: 2005-2008 թվականների դադար տվեցի, քաշային կարգս էի փոխում: 2008-ի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում երրորդ տեղ զբաղեցրեցի, 2009-ի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում չեմպիոն դարձա, 2010-ին նույն՝ Մ23 Եվրոպայի առաջնությունում երկրորդ տեղ զբաղեցրի, 2011 թվականի Ունիվերսիադայում չեմպիոն դարձա, 20 օր անց Մ23 Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսն էլ նվաճեցի: Այդ ընթացքում բոլոր տարիների Հայաստանի չեմպիոն եմ եղել:

Իսկ ինչո՞ւ Լոնդոն-2012-ի օլիմպիական թիմում չհայտնվեցիր:

Լոնդոնում էլ կրկնվեց նույն բանը, ինչ Ռիոյի իրադարձություններն էին: Այդ ժամանակ արդեն 85 կգ քաշում էի, նոր էի տեղափոխվել այդ քաշ, հրաշալի մարզավիճակ ունեի, բայց էլի նույնատիպ պատմությունների արդյունքում ես դուրս մնացի, էլի Վանիկ Ավետիսյանը եղավ պահեստային, էլի Խաղերի ընթացքում պահեստայինից հրաժարվեցին: Գրեթե նույն պատմությունը:

Շատ հնարավորություններ եմ ունեցել մեդալներ նվաճելու, բայց ինչ-ինչ պատճառներով չի ստացվել, չի հաջողվել կամ պակաս մարզավիճակում եմ եղել: Այն ինչ եղել է, այն ինչ ճանապարհ անցել եմ, ոչնչի համար չեմ ափսոսում եւ չեմ փոշմանում, որ այս պահին հեռանում եմ սպորտից:

Ամեն դեպքում, իրադարձությունների այսպիսի դասավորությունը ինչ-որ չափով կապվա՞ծ է Ռիո-2016-ի ընթացքում քո, Առաքել Միրզոյանի եւ Փաշիկ Ալավերդյանի խնդրի հետ:

Ամեն ինչ իրար կապված է: Բայց եւ նաեւ կապված չէ: Ես կուզեի, որ այս միջադեպը անմիջականորեն կապված լիներ Ռիոյի դեպքերի հետ, որպեսզի Առաքել Միրզոյանը գար ու մասնակցեր Հայաստանի առաջնությանը, երկուսս էլ դուրս գայինք մրցահարթակ, արդար մրցեինք ու պարզեինք՝ ով է ուժեղը:

Ծանրամարտի Հայաստանի հավաքականում ի՞նչ խնդիրներ կան, ի՞նչ խոչընդոտների առաջ է կանգնում մարզիկը:

Խնդիրները շատ են՝ սկսած ֆինանսականից: Բայց այսօր առաջնային խնդիրն այն է, որ մարզիչները, ղեկավարությունը բավարարվում է եղածով: Այսօր ունենք մի քանի առաջատար մարզիկ՝ Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Անդրանիկ Կարապետյանը, Ռուբեն Ալեքսանյանը ու ծանրամարտի պատասխանատուները բավարարվում են այս մարզիկներով ու նրանց Եվրոպայի 3-րդ, 4-րդ կամ 5-րդ տեղ ընկնող պետք չէ, ով կարող է նաեւ վարկանիշ բերել թիմին: Ռիոյի Օլիմպիական խաղերին տղերքն ինչի՞ հաշվին գնացին, մեդալ բերեցին, մեր հաշվին՝ իմ հաշվին, մյուսի, էն մի ուրիշի, մեր բերած միավորների հաշվին: Բայց այսօր մենք այլեւս իրենց պետք չենք: Իմ նման լիքը մարզիկներ մարզիչներին պետք չեն: Մեր դիմաց դնում են որոշակի արդյունք, որը որ այսօրվա պայմաններում հնարավոր չէ իրականացնել: Իրենք մարզումների ընթացքում Եվրոպայի չեմպիոնի արդյունքներ են սպասում մարզիկից, որ տանեն հավաքի, մրցումների: Բայց մարզիկը ոչ 10 դրամ գումար է ստանում, ոչ որեւէ օգնություն ինչ-որ մի տեղից... Ու արդյունք են ուզում: Սպորտը թողնելուս պատճառներից երկրորդն էլ ֆինանսականն է: Ես ոչ մի տեղից նույնիսկ 10 դրամ չեմ ստանում, թոշակ, աշխատավարձ չեմ ստանում, իսկ ես մեծ ընտանիք ունեմ ու չեմ կարող իմ ընտանիքը պահել:

Այսօր մենք չունենք փոխարինող սերունդ: Հետեւում էի Հայաստանի առաջնությանը, հետեւից եկող, մեզ փոխարինող տղաներ չկան: Տոկիո-2020-ում եթե գոնե մեր ուժեղագույններն էլ  լինեն, գոհ պետք է լինենք: Իրականությունն այն է, որ հայկական ծանրամարտն անկման եզրին է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով