01:24  ,  6 փետրվարի, 2017

Մոուրինյո. Մխիթարյանն այժմ հրաշք է գործում խաղադաշտում

Հենրիխ Մխիթարյանն այժմ հրաշք է գործում խաղադաշտում, իսկ մրցաշրջանի սկզբում պաշտպանում էի նրան՝ չընդգրկելով կազմում, ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի առաջնության 24-րդ տուրում չեմպիոն «Լեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո:

«Մխիթարյանն այժմ իսկապես շատ լավ է խաղում: Ինչ վերաբերում է մրցաշրջանի սկզբում նրան քիչ խաղային ժամանակ տրամադրելուն, ապա երբեմն խաղացողին պաշտպանելու լավագույն միջոցը կազմում չընդգրկելն է: Լրագրողների կարծիքով, եթե մարզիչը խաղացողին չի ընդգրկում կազմում, ապա նա... Չեմ կարողանում անհրաժեշտ բառը գտնել, թե ինչ է այդ դեպքում մարզիչը: Բայց երբեմն մարզիչներն այդպես պաշտպանում են ֆուտբոլիստներին: Մխիթարյանի հետ կապված իրավիճակն հենց այդ կարգի էր: Նա հարմարվում էր: Դուք չեք տեսնում, իսկ ես տեսնում եմ նաեւ այն, ինչ խաղացողներն անում են խաղադաշտից դուրս: Այժմ Մխիթարյանը շատ լավ է խաղում:

Այս հաղթանակը շատ կարեւոր է մեզ համար, քանի որ նախորդ խաղում տանը երկու միավոր կորցրինք եւ ունեինք երեք անընդմեջ ոչ ոքի: Ես երջանիկ եմ, հոկտեմբերից պարտություն չենք կրել առաջնությունում: Եթե ոչ պարտադիր ոչ ոքիներն էլ կարողանայինք հաղթանակով ավարտել, ապա կլինեինք զարմանալի իրավիճակում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է BBC-ն: 

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» «Լեսթերին» հաղթել է 3:0 հաշվով, Մխիթարյանը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ՝ ճանաչվելով հանդիպման լավագույն խաղացող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում