13:02  ,  14 դեկտեմբերի, 2016

Սպորտի նախարար. Ցանկություն չունեմ հանդիպել Ռուբեն Հայրապետյանի հետ

Ես ցանկություն չունեմ հանդիպել Ռուբեն Հայրապետյանի հետ: Եթե ինքը ցանկություն հայտնի, ես խնդիր չեմ տեսնում: Ամեն ինչ անելու եմ՝ ֆուտբոլի մասնագետների հետ այդ հարցը բարձրացվելու է եւ քննարվելու:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանն՝ ամփոփելով ավարտվող տարին:

«Տարին հաջողված էր: Այն, ինչ հիմա ունենք, դրանից լավ չէր կարող լինել: Արդյունքները կան, ամեն ինչ նորմալ է: Միայն մենք չենք խոսում, ամբողջ աշխարհն է խոսում:

Օլիմպիական խաղերից հետո նախարարությունը եւս իր եզրակացությունը ներկայացրեց մարզաձեւերի ֆեդերացիաների աշխատանքներին: Անբավարար գնահատվեց ազատ ոճային ըմբիշների, բռնցքամարտիկերի եւ հրաձիգների մասնակցությունը Օլիմպիական խաղերին: Խորքային խնդիրներ ունենք ազատ ոճի ըմբշամարտում: Փոփոխություն է սպասվում ազատ ոճի ըմբշամարտի մեծահասակների հավաքականում: Արայիկ Բաղդադյանին կփոխարինի դրսից հրավիրված հայ մասնագետ: Մյուս մարզաձեւերի մասնակցությունը Օլիմպիական խաղերին դրական է գնահատվել»,- նշեց սպորտի նախարարը:

Հարցին, թե ինչ հանգուցալուծում է ստանալու Հրաչյա Ռոստոմյան - Ռուբեն Հայրապետյան մեդիապայքարը եւ թե ինչու սպորտի նախարարի եւ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ջրերը մեկ առվով չեն հոսում, Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեց.

«Ջրեր չունենք, որ մի առվով գնա կամ չգնա: Ես ջրի բիզնես չունեմ, Ռուբեն Հայրապետյանն ունի ջրի բիզնես: Ես իմ իրավունքներն ու գործընթացը լավ գիտեմ եւ իմ խոսքը տանելու եմ առաջ: Ռուբեն Հայրապետյանի հետ անձամբ հանդիպելու եւ ֆուտբոլի խնդիրները քննարկելու ցանկություն չունեմ: Եթե ինքը ցանկություն կհայտնի, ես խնդիր չեմ տեսնում: Բայց ես նախաձեռնեմ հանդիպում Ռուբեն Հայրապետյանի հե՞տ, ոչ…»,- ասաց սպորտի նախարարը:

Հրաչյա Ռոստոմյանը դեռ չի պատրաստվում համալրել Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Ինչպես նախկինում արդեն հայտարարել էր սպորտի նախարարը, ընդունելության օրերը չեն ավարտվել:

«Սպորտն ամենաապաքաղաքականացված ոլորտն է: Ես դեռ Հանրապետական կուսակցությանը անդամագրվելու որոշում չեմ կայացրել: Երբ Արթուր Ալեքսանյանը դարձավ Օլիմպիական չեմպիոն, բարձրացվեց ոչ թե Հանրապետական կուսակցության դրոշը, այլ երկրի: Սա այն ոլորտն է, որը բավական հեռու է քաղաքականությունից»,- նկատեց Հրաչյա Ռոստոմյանը:

Շարունակելով քաղաքական թեման՝ լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք նախարարը ՀՀԿ-ականների շարքերը չի համալրում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին չնեղացնելու համար, իսկ Ռոստոմյանը խոստովանեց, որ Գագիկ Ծառուկյանի հետ երբեւէ քաղաքական թեմայով զրույցներ չի ունենում:

«Մեր հանդիպումների ընթացքում սպորտային հարցերից բացի ոչ մի այլ հարց չենք քննարկում: Թե ինչու չեմ համալրում ՀՀԿ-ականների շարքերը, այդ մասին հաջորդ դասին: Դա հա՞րց է, որ տալիս եք: Ինձ ավելի շատ մասնագիտական հարց տվեք, սպորտին վերաբերող եւ հուզող: Քաղաքական թեմաներով հարցերն առանց մեկնաբանության»,- նշեց Ռոստոմյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում