«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ուկրաինական «Զարյայի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի հանդիպումից առաջ Օդեսայում պատասխանել է լրագրողների հարցերին:
«Իմ նախորդ հանդիպումը Օդեսայում կապված է լավ հիշողությունների հետ: Այն ժամանակ ես առաջին անգամ դարձա հեթ-տրիկի հեղինակ «Շախտյորում»: Հետեւում եմ Դոնեցկի թիմի մրցելույթներին: Ուկրաինայի առաջնության խաղամակարդակը շատ է ընկել:
Մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում վաղը: Եղանակի պատճառով ծանր կլինի խաղալը: Բայց մենք կձգտենք հաղթել:
Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» չի հանձնվել, մենք միշտ ցանկանում ենք հաղթել բոլոր մրցաշարերում:
Հարձակման գծում ինձ համար կարեւոր չէ, թե որ թիմակցիս հետ եմ խաղում: Դու պետք է իմանաս գործընկերոջդ լավ որակները, որպեսզի կորզես առավելագույնը:
Ժոզե Մոուրինյոյի հետ շատ ենք զրուցել: Նա ասել է ինձ, թե ինչ պետք է փոխել իմ խաղի մեջ, եւ ես հետեւում նրա խորհուրդներին: Ձգտում եմ մտածել դրական: Պետք է պատրաստ լինեմ տարբեր իրավիճակների եւ ապացուցեմ, որ առաջատար խաղացող եմ: Բարդ էր թիմի խաղին հետեւել պահեստայինների նստարանից: Ես շատ եմ աշխատել եւ ապացուցեցի, որ կարող եմ խաղալ հիմնական կազմում եւ կկատարելագործվեմ հետագայում:
«Բորուսիայում» ես խաղում էի հարձակողական ֆուտբոլ: «Մանչեսթեր Յունայթեդում» ոչ ոք չի ընդունում այն խաղաոճը, որը դու ես նախընտրում, ոչ ոք չի հարմարվում քեզ: Եւ կարեւոր չէ, թե դու ինչ խաղաոճ ունես, գլխավորը կարողանալն է հարմարվել թիմին»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքը մեջբերում է sport.ua-ն:
«Զարյա» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը դեկտեմբերի 8-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում