23:34  ,  4 դեկտեմբերի, 2016

Զլատան Իբրահիմովիչ. Կնախընտրեի գոլ չխփել, բայց հաղթել

«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հիասթափված է «Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության 14-րդ տուրի հանդիպման արդյունքից:

«Մենք մեզ ավելի վստահ կզգայինք, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշարային աղյուսակում լիներ ավելի բարձր տեղում: Ես այսօր գոլ խփեցի, բայց դա մեզ տվեց միայն 1 միավոր: Ես կնախընտրեի գոլ չխփել, բայց հաղթել: Պետք է ավելի շատ ձգտենք հաղթանակի եւ վերցնենք մեր միավորները»,- Զլատան Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է skysports-ը:

Հիշեցնենք, որ 1:1 հաշվով ավարտված խաղում Իբրահիմովիչը «էվերտոնի» դարպասը գրավել է 42-րդ րոպեին, սակայն 89-րդ րոպեին Մարուան Ֆելաինիի խախտումից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասին նշանակված 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Լեյթոն Բեյնսը: Դրանից 4 րոպե առաջ Ֆելաինին փոխարինել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում