14:12  ,  28 նոյեմբերի, 2016

«Վեստ Հեմի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանը ստացել է ամենաբարձր գնահատականը

Daily Mail-ը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին գնահատականներ է տվել լոնդոնյան «Վեստ Հեմի» դեմ Անգլիայի առաջնության 13-րդ տուրի խաղում, որն ավարտվել էր 1:1 հաշվով: Ամենաբարձր՝ 7 գնահատականի արժանացել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինման էր դուրս եկել 65-րդ րոպեին:

«Իրական անակնկալ էր, որ Մխիթարյանը տեղ չէր գտել մեկնարկային կազմում: Դաշտ մտնելով՝ նա թարմացրեց խաղը եւ կարող էր հաղթանակ բերել թիմին»,- գրում է պարբերականը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածքից հետո առաջին անգամ էր հայտավորվել Պրեմյեր լիգայի խաղի: Անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիի եւ Մխիթարյանի դաշտ դուրս գալուց հետո մանչեսթերցիները սկսեցին ավելի շատ գրոհել եւ ստացել էին նկատելի առավելություն: Խաղի մեջ ակտիվ մտած Մխիթարյանը դրվագներից մեկում մոտ էր գոլ խփելուն, սակայն նրա հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից, իսկ երկրորդ հարվածով դարպասը գրաված Ջեսի Լինգարդի գոլը չարձանագրվեց խաղից դուրս վիճակի պատճառով:

1990 թվականից հետո առաջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի առաջնությունում չի կարողանում հաղթել չորրորդ տնային խաղում անընդմեջ: 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով