22:22  ,  27 նոյեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդը» միավորներ կորցրեց, Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 13-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական խաղադաշտում ոչ ոքի խաղաց լոնդոնյան «Վեստ Հեմի» հետ՝ 1:1:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսել էր «Մանչեսթեր Յունայթեդի» փոխարինողների թվում, իսկ Ժոզե Մոուրինյոյի թիմը բաց թողեց արագ գոլ: Երկրորդ րոպեին «Վեստ Հեմին» առաջ մղեց սենեգալցի հարձակվող Դիաֆրա Սախոն, որի գոլին մանչեսթերցիները 21-րդ րոպեին պատասխանեցին շվեդ ռմբարկու Զլատան Իբրահիմովիչի դիպուկ հարվածով:

Առաջին խաղակեսի միջնամասում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դրվագներից մեկում դժգոհեց մրցավարի գործողություններից եւ զայրացած «տշեց» ջրի շիշը, ինչի համար հեռացվեց խաղադաշտից: Առաջին խաղակեսում դաշտի տերերն ունեցան հաշվի մեջ առաջ անցնելու իրական շանսեր, սակայն թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսն անցնում էր հավասար պայքարում: «Մանչեսթեր Յունայթեդին» չէր հաջողվում ստեղծել գոլային պահեր, իսկ հյուրերը խաղարկեցին մի քանի վտանգավոր անկյունային հարվածներ: 65-րդ րոպեին փոխարինման դուրս եկան Ուեյն Ռունին ու Հենրիխ Մխիթարյանը, որոնց դաշտ դուրս գալուց հետո մանչեսթերցիները սկսեցին ավելի շատ գրոհել եւ ստացել էին նկատելի առավելություն: Խաղի մեջ ակտիվ մտած Մխիթարյանը դրվագներից մեկում մոտ էր գոլ խփելուն, սակայն նրա հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից, իսկ երկրորդ հարվածով դարպասը գրաված Ջեսի Լինգարդի գոլը չարձանագրվեց խաղից դուրս վիճակի պատճառով: Մանչեսթերցիներն այդպես էլ չկարողացան առավելությունը վերածել գոլի եւ բավարարվեցին մեկ միավորով: Վերջնամասում հաղթանակ կորզել կարող էին նաեւ լոնդոնցիները, սակայն Դավիդ Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդին» փրկեց գոլից:

Ժոզե Մոուրինյոյի թիմը Պրեմյեր լիգայում չհաղթեց չորրորդ տնային խաղում անընդմեջ եւ 20 միավորով մնաց 6-րդ տեղում:

Անգլիայի առաջնություն, 13-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեստ Հեմ»՝ 1:1

Զլատան Իբրահիմովիչ, 21 - Դիաֆրա Սախո, 2

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Անտոնիո Վալենսիա, Ֆիլ Ջոնս, Մարկոս Ռոխո, Մատեո Դարմիան, Անդեր Հերերա, Պոլ Պոգբա, Խուան Մատա (Հենրիխ Մխիթարյան, 65), Մարկուս Ռեշֆորդ (Ուեյն Ռունի, 65), Ջեսի Լինգարդ (Մարուան Ֆելաինի, 85), Զլատան Իբրահիմովիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում