09:41  ,  25 նոյեմբերի, 2016

Անգլիական մամուլը տպավորված է Հենրիխ Մխիթարյանի խաղով

Անգլիական հեղինակավոր պարբերականները Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին բարձր գնահատական են տվել «Մանչեսթեր Յունայթեդի» եւ հոլանդական «Ֆեյենորդի» միջեւ Եվրոպայի լիգայի 5-րդ տուրի խաղում, որում Ժոզե Մոուրինյոյի թիմը հաղթել էր 4:0 հաշվով:

«Մխիթարյանը վերջապես բացեց իր թեւերը: Նա հիանալի էր շարժվում եւ կարող էր աչքի ընկնել 2 անգամ, սակայն հաջողությունը չժպտաց նրան: Հենրիխը տարածություն էր ստեղծում թիմակիցների համար: Մխիթարյանի այսպիսի խաղը կբացի երկրագուների արխորժակը, քանի որ նրանք սպասում են կիսապաշտպանի հաջող խաղին: Սա Հենրիխի լավագույն խաղն էր «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով: Ամեն բեն դեռ առջեւում է»,- գրում է Daily Mail-ը:

«Հենրիխ Մխիթարյանը հրաշալի հանդիպում անցկացրեց՝ ի ուրախություն «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների, որոնք սպասում էին նրա վերադարձին: Մենք չգիտենք, թե ինչ սպասել Ժոզե Մոուրինյոյից, բայց կարող ենք ասել, որ նա ամեն բան հիանալի արեց: Հենրիխը կատարում էր լավ փոխանցումներ եւ միշտ վտանգ էր ստեղծում, երբ ստանում էր գնդակը»,- գրում է Metro-ն:

«Մոուրինյոն հաճելի անակնկալ մատուցեց «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին՝ խաղադաշտ դուրս բերելով Հենրիխ Մխիթարյանին, որն առավելագույն մոտիվացված էր: Հայաստանի հավաքականի ավագը կարծես կարոտած լիներ ֆուտբոլը եւ խաղում էր կտրուկ ու շատ ուշադիր»,- գրում է The Telegraph-ը:

«Անսպասելի էր, որ Մոուրինյոն Մխիթարյանին խաղացրեց ձախ եզրում: Այնուամենայնիվ, նա լավագույնն էր խաղադաշտում: Մարզիչն ասում էր, որ Հենրիխը պետք է հանդես գա այնպիսի խաղում, որտեղ չնլինի մեծ ճնշման տակ: Սակայն Հենրիխը ցուցադրեց, որ ունի բոլոր որակները թիմում առանցքային խաղացող դառնալու համար»,- գրում է Manchester Evening News-ը, որը Մխիթարյանին տվել է ամանաբարձր՝ 8 գնահատականը:

Հիշեցնենք, որ Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում կայացած խաղում Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես եկավ 82 րոպե՝ ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Նա «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում նախորդ անգամ խաղացել էր սեպտեմբերի 10-ին, երբ նաեւ վնասվածք էր ստացել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում՝ փոխարինվելով ընդմիջմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում