16:44  +04,  29 հոկտեմբերի, 2016

Վանաձորում բացվեց Հայաստանում երրորդ Ֆուտբոլային ակադեմիան (ֆոտո)

Վանաձորում հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ Հայաստանում երրորդ Ֆուտբոլի ակադեմիայի բացման արարողությանը, որին ներկա էր նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Վանաձորից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Ակադեմիան կառուցվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ ՈւԵՖԱ-ի կողմից իրականացված համատեղ ներդրումային ծրագրի արդյունքում: Ներդրումային այս մեծ նախագծի արժեքը կազմել է 1 միլիարդ 133 միլիոն դրամ, որի 150 միլիոն 831 հազար դրամը հատկացրել է ՈւԵՖԱ-ն, իսկ 982 միլիոն 169 հազար դրամ կազմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներդրումը:

Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում շրջայցի ժամանակ Սերժ Սարգսյանին ներկայացվել են ակադեմիայի 1260քմ ընդհանուր մակերեսով եռահարկ մասնաշենքում ստեղծված ենթակառուցվածքները՝ կահավորված մարզչական սենյակները, հանդերձարանները, ցնցուղարանները, դասասենյակ-լսարանը, բժշկական սենյակը, վարչական մասը եւ մյուս հարմարությունները, ինչպես նաեւ մեկ արհեստական եւ 3 բնական խոտածածկով խաղադաշտերը, որոնք համապատասխանում են ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի կողմից պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար ընդունված չափանիշներին:

Պատասխանատուների հավաստմամբ, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում կարող են մարզվել մինչեւ 600 պատանիներ եւ աղջիկներ:

Ակադեմիայի մարզիչ Մհեր Հովհաննիսյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ակադեմիայում այժմ արդեն մարզվում են 130 պատանիներ:

«Սա շատ լավ հնարավորություն է մեր երեխաների համար: Երկար տարիներ նրանք նման խոտածածկով դաշտում խաղալու հնարավորություն չեն ունեցել: Բոլոր պայմաններն ունենք, երեխաները շատ ոգեւորված են հաճախում մարզումներին: Հույս ունենք, որ շուտով կունենանք Վանաձորից ակումբ Հայաստանի Բարձրագույն խմբում»,- ասաց մարզիչը:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ակադեմիայի բացման վերջում նշեց, որ այժմ Սեւան քաղաքում կառուցվում է արհեստական խոտածածկով մարզադաշտ, իսկ հետո մարզադաշտեր կկառուցվեն Սիսիանում եւ Գորիսում:

«Էջմիածին քաղաքում կառուցում ենք Ֆուտբոլի ակադեմիա, որը շահագործման կհանձնենք հաջորդ տարվա աշնանը: Նպատակ ունենք Հայաստանի բոլոր մարզերում կառուցել մանկապատանեկան դպրոցներ կամ արհեստական խոտածածկով մարզադաշտեր»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ ՀՖՖ-ն Հայաստանում կառուցել է նաեւ Ավանի եւ Գյումրիի ֆուտբոլային ակադեմիաները:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ