16:44 29 հոկտեմբերի, 2016Վանաձորում հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ Հայաստանում երրորդ Ֆուտբոլի ակադեմիայի բացման արարողությանը, որին ներկա էր նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Վանաձորից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
Ակադեմիան կառուցվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ ՈւԵՖԱ-ի կողմից իրականացված համատեղ ներդրումային ծրագրի արդյունքում: Ներդրումային այս մեծ նախագծի արժեքը կազմել է 1 միլիարդ 133 միլիոն դրամ, որի 150 միլիոն 831 հազար դրամը հատկացրել է ՈւԵՖԱ-ն, իսկ 982 միլիոն 169 հազար դրամ կազմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներդրումը:
Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում շրջայցի ժամանակ Սերժ Սարգսյանին ներկայացվել են ակադեմիայի 1260քմ ընդհանուր մակերեսով եռահարկ մասնաշենքում ստեղծված ենթակառուցվածքները՝ կահավորված մարզչական սենյակները, հանդերձարանները, ցնցուղարանները, դասասենյակ-լսարանը, բժշկական սենյակը, վարչական մասը եւ մյուս հարմարությունները, ինչպես նաեւ մեկ արհեստական եւ 3 բնական խոտածածկով խաղադաշտերը, որոնք համապատասխանում են ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի կողմից պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար ընդունված չափանիշներին:
Պատասխանատուների հավաստմամբ, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում կարող են մարզվել մինչեւ 600 պատանիներ եւ աղջիկներ:
Ակադեմիայի մարզիչ Մհեր Հովհաննիսյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ակադեմիայում այժմ արդեն մարզվում են 130 պատանիներ:
«Սա շատ լավ հնարավորություն է մեր երեխաների համար: Երկար տարիներ նրանք նման խոտածածկով դաշտում խաղալու հնարավորություն չեն ունեցել: Բոլոր պայմաններն ունենք, երեխաները շատ ոգեւորված են հաճախում մարզումներին: Հույս ունենք, որ շուտով կունենանք Վանաձորից ակումբ Հայաստանի Բարձրագույն խմբում»,- ասաց մարզիչը:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ակադեմիայի բացման վերջում նշեց, որ այժմ Սեւան քաղաքում կառուցվում է արհեստական խոտածածկով մարզադաշտ, իսկ հետո մարզադաշտեր կկառուցվեն Սիսիանում եւ Գորիսում:
«Էջմիածին քաղաքում կառուցում ենք Ֆուտբոլի ակադեմիա, որը շահագործման կհանձնենք հաջորդ տարվա աշնանը: Նպատակ ունենք Հայաստանի բոլոր մարզերում կառուցել մանկապատանեկան դպրոցներ կամ արհեստական խոտածածկով մարզադաշտեր»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ ՀՖՖ-ն Հայաստանում կառուցել է նաեւ Ավանի եւ Գյումրիի ֆուտբոլային ակադեմիաները:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.