16:10  +04,  6 սեպտեմբերի, 2016

Լեւոն Ջուլֆալակյանը՝ Ռիո-2016-ում Արսեն Ջուլֆալակյանի անհաջողության պատճառների մասին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանի անհաջող ելույթին Ռիոյի Օլիմպիական խաղերում:

«Արսեն Ջուլֆալակյանի սպորտայյին երազանքն էր հասնել օլիմպիական չեմպիոնի տիտղոսին: Բայց ստացվեց հակառակ արդյունքը, երեւի, շատ ցանկանալուց էր:

Կար եւս մի պատճառ, որի մասին հետո Արսենի հետ զրուցեցինք եւ հասկացանք: Առաջին գոտեմարտից հետո մրցակիցը պետք է լիներ  հունգարացի ըմբիշը՝ Արսենի բոլոր ժամանակների հիմնական մրցակիցը: Արսենը նախնական ավելի շատ մտածել էր այդ գոտեմարտի մասին, քան մեկնարկայինի: Արսենը մտածել էր առաջին գոտեմարտում շատ էներգիա չծախսել, այլ այն պահել հունգարացու հետ գոտեմարտի համար: Նա այդտեղ բացթողում թույլ տվեց»,- ասաց օլիմպիական չեմպիոնը:

Հիշեցնենք, որ Ռիո-2016-ում Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ պարտվել էր Բուլղարիայի ներկայացուցիչ, 24-ամյա Դանիել Ալեքսանդրովին: Բուլղարացի ըմբիշն էլ հաջորդ գոտեմարտում 0:4 հաշվով պարտվել էր աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունգարացի Պետեր Բաչիին:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: