15:22  ,  6 սեպտեմբերի, 2016

Միհրան Հարությունյան. Միայն մենք գիտենք, թե ինչ դժվարություններով հասանք այս հաղթանակներին (ֆոտո)

Հիմա արդեն իմ հիմնական նպատակը ոչ թե մեր մեդալը վերադաձնելն է, այլ որ հաջորդ անգամ մեզ չխանգարեն լինել մեր տեղում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերում կողմնակալ մրցավարության պատճառով ոսկե մեդալը կորցրած, հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2016թ. օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր մարզիչներին այս արդյունքների ու մեր գերազանց մասնակցության համար: Շնորհակալ եմ մեր ղեկավարությանն ու հասարակությանը այսքան ջերմ ընդունելության, այս ուրախության ու աջակցության համար: Դա ինձ մեծ ուժ է տալիս առաջ շարժվելու: Իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին շնորհավորում եմ Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար: Իրականում, ոչ իմ, ոչ Արթուր Ալեքսանյանի ճանապարհը հեշտ չի եղել մինչեւ այս Օլիմպիական խաղերը: Դեռ շատ կլինեն խոսակցություններ, որ մենք հեշտությամբ հասանք այս հաղթանակներին: Մի հավատացեք ոչ մեկի խոսքերին: Միայն մենք գիտենք, թե ինչ մեծ դժվարություններով, խոչընդոտներով մեզ տրվեցինք այս հաղթանակները:

Ես հույս ունեմ, որ որեւէ քայլ կձեռնարկվի, բայց եթե նույնիսկ չհաջողվի վերադարձնել ոսկե մեդալը, ցանկանում եմ, որ այսուհետեւ ոչ միայն իմ, այլեւ մեր մյուս տղաներից էլ երբեք մեդալները, հաղթանակները չխլեն:  Ինչ քայլեր էր ձեռնարկվեն, հույս ունեմ, որ դրանք կանդրադառնան հետագայում մեր գոտեմարտերի արդար մրցավարության, մեդալների արդարացի մեզ հասնելու վրա:

Հիմա արդեն իմ հիմնական նպատակը ոչ թե մեր մեդալը վերադաձնելն է, այլ որ հաջորդ անգամ մեզ չխանգարեն լինել մեր տեղում: Ես ցանկանում եմ, որ այսուհետ մեզ չխանգարեն նվաճել այն մեդալները, որոնք մենք նվաճում ենք արդար պայքարում»,- ասաց Միհրան Հարությունյանը:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Ռիո-2016-ին մեկնել էր 4 մարզիկով եւ մեկ ոսկե եւ մեկ արծաթե մեդալով թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը՝ զիջելով միայն Կուբային ու Ռուսաստանին: Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ էր նվաճել 98 կգ քաշային կարգում, իսկ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը եզրափակիչում կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել էր աշխարհի 2014թ. չեմպիոն, սերբ 30-ամյա Դավոր Շտեֆանեկին եւ բավարարվել արծաթե մեդալով:  Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում եւ լքել պայքարը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում