05:20  ,  22 օգոստոսի, 2016

Թոմաս Բախը Ռիո-2016 Օլիմպիական խաղերը հայտարարեց փակված (ֆոտոշարք)

Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը պաշտոնապես ավարտված է: Օլիմպիական կրակը մարեց եւ կվառվի 4 տարի անց Տոկիոյում: 

Լեգենդար «Մարականա» ստադիոնում կայացավ Խաղերի փակման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ Հայաստանի դրոշակակիրն էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում 20 տարի անց Հայաստանին ոսկե մեդալ պարգեւած Արթուր Ալեքսանյանը: 

2 ժամից ավելի տեւած բազմաթիվ գեղեցիկ ներկայացումներից ու տարբեր շոուներից հետո հնչեց Բրազիլիայի հիմնը եւ Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետն օլիմպիական դրոշը հանձնեց ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախին, որն էլ դրոշը փոխանցեց Տոկիոյի քաղաքապետին: Ճապոնիայի մայրաքաղաքը հյուրընկալելու է հաջորդ՝ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Դրոշը Տոկիոյի ներկայացուցչին հանձնելուց հետո հնչեց Ճապոնիայի հիմնը՝ գեղեցիկ բեմադրությամբ: Այնուհետեւ յուրօրինակ ոճով ներկայացվեց նաեւ Տոկիոն, իսկ Ճապոնիայի վարչապետը ներկայացավ «Սուպեր Մարիո» համակարգչային խաղի հերոսի կերպարով: Վերջում հրաժեշտի խոսքով հանդես եկան Ռիո-2016-ի կազմկոմիտեի ղեկավար Կարլոս Նուզմանն ու ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը, որն օլիմպիական խաղերը հայտարարեց փակված: 

Հիշեցնենք, որ Հայաստանը Ռիո-2016-ին հայտավորվել էր 32 մարզիկով (7 մարզաձեւում` աթլետիկա, բռնցքամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, ծանրամարտ, լող, ըմբշամարտ) եւ 1 ոսկե ու 3 արծաթե մեդալով մեդալային հաշվարկում զբաղեցրեց 42-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English