11:20  ,  21 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Լեւոն Հակոբյանը՝ Ռուսաստանի պատմական չեմպիոնության կերտողներից (ֆոտոշարք)

Ռիո դե Ժանեյրոյում ավարտին մոտեցող ամառային Օլիմպիական խաղերի հանդբոլի կանանց մրցաշարի ոսկե մեդալակիր է դարձել Ռուսաստանի հավաքականը, որի մարզիչներից է Լեւոն Հակոբյանը: Եզրափակիչում ֆրանսուհիների նկատմամբ 22:19 հաշվով հաղթանակից հետո հայ մասնագետը կիսվել է տպավորություններով:

«Կարծում եմ՝ սա այս թիմի վերջին հաղթանակը չէ: Կգա նոր սերունդ, որին կփոխանցվի այս թիմի ոգին, եւ մենք դեռ շատ բան կվաճենք:

Իսկական եզրափակիչը ոչ թե սա էր, այլ Նորվեգիայի դեմ նախորդ խաղը: Ես մեկ բանից էի վախենում, որ նրանք բոլոր էմոցիաները ներդրել էին կիսաեզրափակիչում: Եզրափակիչում նրանք չխաղացին նույն ազարտով: Եզրափակիչի խաղը չեմպիոնական չէր, սակայն գլխավորը, որ մենք ոսկե մեդալ նվաճեցինք: Ֆրանսուհիներն էլ արժանի մրցակից էին եզրափակիչում»,- Լեւոն Հակոբյանի խոսքը մեջբերում է «Р-Спорт»-ը:

Սա անկախ Ռուսաստանի պատմության առաջին ոսկե մեդալն էր Օլիմպիական խաղերի հանդբոլի կանանց մրցաշարում: Ռուսաստանի թիմի կազմում խաղում էր նաեւ Օլգա Հակոբյանը (Լեւինա), որը եզրափակիչում խփել է ռուսների վերջին 2 գոլերը: Օլգան ազգանունը փոխել է Էդուարդ Հակոբյանի հետ ամուսնությունից հետո:

Լեւոն Հակոբյանը ծնվել է 1944-ի նոյեմբերի 7-ին Թեհրանում: Նա ունի Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության եւ ԽՍՀՄ-ի վաստակավոր մարզիչի կոչում: Հակոբյանը հանդբոլում աշխատում է 20 տարուց ավելի:

1993- 2003-ը Լեւոն Հակոբյանը գլխավորել է հանդբոլի կանանց Ռուսաստանի երիտասարդական հավաքականը, որի հետ դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն: 1995-1996-ը նա եղել է կանանց Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, իսկ 2015-ից աշխատում է մարզչական շտաբում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում