11:20 21 օգոստոսի, 2016Ռիո դե Ժանեյրոյում ավարտին մոտեցող ամառային Օլիմպիական խաղերի հանդբոլի կանանց մրցաշարի ոսկե մեդալակիր է դարձել Ռուսաստանի հավաքականը, որի մարզիչներից է Լեւոն Հակոբյանը: Եզրափակիչում ֆրանսուհիների նկատմամբ 22:19 հաշվով հաղթանակից հետո հայ մասնագետը կիսվել է տպավորություններով:
«Կարծում եմ՝ սա այս թիմի վերջին հաղթանակը չէ: Կգա նոր սերունդ, որին կփոխանցվի այս թիմի ոգին, եւ մենք դեռ շատ բան կվաճենք:
Իսկական եզրափակիչը ոչ թե սա էր, այլ Նորվեգիայի դեմ նախորդ խաղը: Ես մեկ բանից էի վախենում, որ նրանք բոլոր էմոցիաները ներդրել էին կիսաեզրափակիչում: Եզրափակիչում նրանք չխաղացին նույն ազարտով: Եզրափակիչի խաղը չեմպիոնական չէր, սակայն գլխավորը, որ մենք ոսկե մեդալ նվաճեցինք: Ֆրանսուհիներն էլ արժանի մրցակից էին եզրափակիչում»,- Լեւոն Հակոբյանի խոսքը մեջբերում է «Р-Спорт»-ը:
Սա անկախ Ռուսաստանի պատմության առաջին ոսկե մեդալն էր Օլիմպիական խաղերի հանդբոլի կանանց մրցաշարում: Ռուսաստանի թիմի կազմում խաղում էր նաեւ Օլգա Հակոբյանը (Լեւինա), որը եզրափակիչում խփել է ռուսների վերջին 2 գոլերը: Օլգան ազգանունը փոխել է Էդուարդ Հակոբյանի հետ ամուսնությունից հետո:
Լեւոն Հակոբյանը ծնվել է 1944-ի նոյեմբերի 7-ին Թեհրանում: Նա ունի Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության եւ ԽՍՀՄ-ի վաստակավոր մարզիչի կոչում: Հակոբյանը հանդբոլում աշխատում է 20 տարուց ավելի:
1993- 2003-ը Լեւոն Հակոբյանը գլխավորել է հանդբոլի կանանց Ռուսաստանի երիտասարդական հավաքականը, որի հետ դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն: 1995-1996-ը նա եղել է կանանց Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, իսկ 2015-ից աշխատում է մարզչական շտաբում:
























The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.