09:20  ,  21 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Դավիթ Սաֆարյանի մրցակիցն աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնն է

Ռիո դե Ժանեյրոյում ավարտին մոտեցող ամառային Օլիմպիական խաղերի վերջին օրը պայքարի մեջ կմտնեն Հայաստանի վերջին 2 ներկայացուցիչներ Դավիթ Սաֆարյանը (65 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ), որոնք հանդես կգան ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում:

2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը պայքարի կսկսի 1/8 եզրափակիչից եւ կմրցի աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, իտալացի 24-ամյա Ֆրանկ Մարկեսի հետ: Հաղթանակի դեպքում 27-ամյա Սաֆարյանը 1/4 եզրափակիչում կհանդիպի Ամաս Դանիել (Նիգերիա) – Զարուբի Յակոբիշվիլի (Վրաստան) զույգի հաղթողին: Սաֆարյանն առաջին գոտեմարտը կանցկացնի Երեւանի ժամանակով 15:40-ից:

30-ամյա Գեորգի Կետոեւը եւս կմեկնարկի 1/8 եզրափակիչից՝ գոտեմարտելով Բաքվում կայացած 2015թ. Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, վրացի 27-ամյա Էլիզբար Օդիկաձեի հետ: Այս զույգի հաղթողին քառորդ եզրափակիչում բաժին է հասնելու Մամեդ Իբրագիմով (Ղազախստան) – Խոսե Դանիել Դիաս (Վենեսուելա) զույգի հաղթողը: Կետոեւն առաջին գոտեմարտը կանցկացնի Երեւանի ժամանակով 16:15-ից:

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում Ռիո-2016-ում հանդես էին եկել Գառնիկ Մնացականյանը (57 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ), որոնք մեդալ չէին նվաճել: Մնացականյանը պարտությամբ էր մեկնարկել, իսկ Բերիանիձեն, պարտվելով կիսաեզրափակիչում, չէր հաղթել նաեւ բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում