16:24  +04,  20 օգոստոսի, 2016

Լեւան Բերիանիձե. Երազում եմ Հայաստանի համար դառնալ օլիմպիական չեմպիոն

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել Ռիոյում ավարտին մոտեցող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք նվաճած Հայաստանի մարզիկներին։

Լեւան Բերիանիձե, ազատ ոճի ըմբշամարտ, 125 կգ քաշային կարգ: Մեկնարկային գոտեմարտը կանցկացնի օգոստոսի 20-ին, Երեւանի ժամանակով 17:30-ին:

Ծնվել է 1990 թվականի հոկտեմբերի 10-ին Աբխազիայում։

Մինչ 2015 թվականը Վրաստանի հավաքականի, 2015-ից Հայաստանի հավաքականի անդամ է։  2010 թ․ երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր է, 2015 թ․ աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 4-րդ տեղը, միջազգային մրցաշարերի հաղթող է։

Ռիո-2016-ի ուղեգիրը նվաճել է 2015 թ․ աշխարհի առաջնությունում։  

Լեւան Բերիանիձե

Լեւան, որտե՞ղ ես ծնվել, մեծացել: Ի՞նչ հիշողություններ ունես մանկությունիցդ:

Ես ծնվել եմ Աբխազիայում, բայց մեծացել եմ Վրաստանում: Մանկությունս անցել է Թբիլիսիում: Լավ մանկություն եմ ունեցել: Իմ մասին ինձ պատմել են, որ լավ երեխա եմ եղել, թմբլիկ եմ եղել: Իսկ որքանով ես գիտեմ թմբլիկները միշտ լավն են լինում, բարի, երբեմն նաեւ խոցելի: Բայց իմ գիրությունն ինձ չի խանգարել իմ հասակակիցների շրջանում բակում խաղալիս, ինձ չեն նեղացրել, միշտ ընդգրկել են խաղերի մեջ: Չեմ նեղվել, որ բոլորից տարբերվել եմ արտաքնապես:

Ինչպիսի՞ն է եղել քո մուտքը մեծ սպորտ: Ինչո՞ւ հենց ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ:

Մեր ընտանիքը միշտ սպորտի մեջ է եղել: Իմ քեռին է զբաղվել ըմբշամարտով եւ ծնողներիս խորհուրդ տվել, որ ինձ անպայման տան սպորտի: Քեռիս է ինձ տարել առաջին անգամ ըմբշամարտի դահլիճ 9 տարեկանում: Հենց սկզբից զբաղվել եմ ազատ ոճի ըմբշամարտով: Սիրեցի այս մարզաձեւը, ուժեղի մարզաձեւ է: Բայց սերս այս մարզաձեւի հանդեպ ծագեց այն ժամանակ, երբ սկսեցի մասնակցել մրցումների, հաղթանակներ տանել: Մինչ օրս պահպանում եմ իմ առաջին մեդալները, պատվոգրերը: Դրանք շատ թանկ են ինձ համար:

Սպորտային կարիերայում ի՞նչ դժվարությունների միջով ես անցել եւ ինչպե՞ս ես հաղթահարել հիասթափությունները:

Սպորտն ու դժվարությունները, հիասթափությունները մի ճանապարհով են գնում: Նրանք երբեք չեն բաժանվում: Ես սա որպես սպորտի մարդ եմ ասում: Մասնավորապես, մեր մարզաձեւում շատ են դժվարությունները. Երբ դու քաշ ես գցում, կամ ավելացնում, երբ դու քաշ ես փոխում, կամ պարդատիր պետք է պահես այն: Մենք մարզվում ենք օրը 3  անգամ երկուական ժամով: Դա իրականում շատ բարդ է, երբեմն նույնիսկ անտանելի: Առհասարակ պրոֆեսիոնալ սպորտը շատ բարդություններ ունի եւ եթե դու ցանկանում ես հաջողությունների հասնել, պարտավոր ես հաղթահարել այդ դժվարությունները: Հիասթափություններ շատ եմ ունեցել: Եղել են պահեր, որ ուղղակի հոգնել եմ: Բայց ես սպորտի, մասնավորապես, իմ մարզաձեւի մեծ սիրահար եմ: Իսկ սիրելու դեպքում, այդ բարդությունները քեզ չեն կուրացնում:

Ի՞նչ նախասիրություններ ունես:

Սպորտից բացի այլ նախասիրություններ չունեմ: Չգիտեմ՝ եթե սպորտով չզբաղվեի, ինչ մասնագիտության տեր կլինեի այսօր: Գուցե որեւ գրասենյակային աշխատող: Մայրս միշտ ցանկացել է, որ բժիշկ դառնամ: Բայց ես սպորտից բացի ոչ մի այլ ոլորտում ինձ չեմ տեսել: Չնայած մայրս այլ ծրագրեր ուներ ինձ հետ, բայց երբ հասկացան, որ իմ որոշումը վերջնական է եւ մարզիկ եմ դառնալու, երբեք դեմ չեղան: Միշտ կողքիս են, միշտ ինձ գոտեպնդում են, հաղթանակներով շատ ուրախանում:

Մի քանի բառով ինչպե՞ս կբնութագրես քեզ:

Չափերով մեծ մարդիկ բարի են լինում (ծիծաղում է): Ինքս իմ մասին չեմ ուզում խոսել, կցանկանայի լսել, թե ինչ են մտածում իմ մասին մյուսները: Ասում են՝ լավ մարդ եմ: Բայց ճիշտ չի լինի, որ ասեմ՝ ես լավ մարդ եմ: Մարդն իր մասին երբեք չպետք է խոսի, գործերն ու արարարքները պետք է խոսեն: Մարդկանց մեջ գնահատում եմ բարությունն ու մարդկայնությունը:

Անձնական կյանք ունե՞ս:

Ոչ, ամուսնացած չեմ: Դեռեւս չեմ կարողանում գտնել իմ կյանքի ուղեկցին, բայց պատճառը երեւի ժամանակի պակասն է: Արդեն ուզում եմ ամուսնանալ, իմ ընտանիքն ունենալ: Երազում եմ 5 երեխաների մասին:

Ո՞րն է քո երջանկության բանաձեւը:

Երբ մարդ իր ընտանիքում, իր օջախում իրեն լավ է զգում, հանգիստ է, սիրելի մարդիկ կողքին են, առողջ, կարծում եմ՝ հենց դա է երջանկությունը: Ես երջանիկ եմ իմ ընտանիքով եւ հարազատներով:

Երբ ես նվաճեցի օլիմպիական ուղեգիրը, ուրախությունս անսահման էր, քանի որ դա իմ երազանքն է եղել երկար տարիներ: Ուրախ եմ ու հպարտ, որ կարողացել եմ Հայաստանի համար նվաճել Խաղերի մասնակցության իրավունք:

Ի՞նչ սպասելիքներ ունես:

Սպասելիքներս մեծ են: Ես ինքս իմ մեդալ նվաճելու  շանսերը գնահատում եմ 99 տոկոս: Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարզիկ հոգու խորքում այսպիսի կարեւոր մրցելույթից առաջ 99 տոկոսով վստահ է, որ հաղթելու է: Իմ մեծագույն ցանկությունն է նվաճել մեդալ եւ մարզավիճակս էլ թույլ տալիս այդ հույսերն ունենալ:

Երազա՞նքդ:

Ռիոյից վերադառնալ մեդալով, առաջին հերթին՝ ոսկե մեդալով: Երազում եմ Հայաստանի համար դառնալ Օլիմպիական չեմպիոն:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով



  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ