03:29  ,  20 օգոստոսի, 2016

Անդրանիկ Կարապետյան. Իմ մեդալը թողեցի Ռիոյում, բայց կվերադարձնեմ Տոկիո-2020- ում

Իմ մեդալը թողեցի Ռիոյում, բայց կվերադարձնեմ Տոկիո-2020-ում:  Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Եվրոպայի գործող չեմպիոն, Ռիո-2016-ում ձեռքի վնասվածք ստանալու պատճառով պայքարից դուրս մնացած Անդրանիկ Կարապետյանը, ով այս գիշեր Ռիո-2016-ի Հայաստանի օլիմպիական թիմի հիմնական մասի հետ վերադարձավ Երեւան:

«Մրցումներին շատ լավ էի պատրաստվել, երկու վարժություններին էլ պատրաստ էի լավ հանդես գալ: Բայց ցավոք այսպես ստացվեց: Ամեն ինչ էլ լինում է սպորտում: Իմ մեդալը ես կվերադարձնեմ Տոկիո-2020-ում:

Վնասվածքս լուրջ է: Պետք է վիրահատվի: Խնդիրներ կան պոկված մկանների հետ: Բայց վիրահատությունից հետո լավ կլինի ու կմտնեմ նորից մեծ սպորտ: Ռիոյում բուժզննում անցա. պարզեցինք, որ ոչ միայն արմունկս է դուրս ընկած, այլ նաեւ պոկված մկաններ կան, հոդերի հետ կապված խնդիր: Հուսամ՝ վիրահատությունից հետո ամեն ինչ լավ կլինի, եւ ես նորից կբարձրացնեմ շատ կիլոգրամներ: Սպասենք վիրահատությանը, որը լինելու է առաջիկայում:

Այժմ ինձ լավ եմ զգում: Սա ցավալի պատահականություն էր եւ ուղղակի ափսոս էր մեդալը, որ մնաց այնտեղ: Անպայման գալու եմ հետ ու մեծ ուժերով»,- ասաց Անդրանիկ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Ռիոյի Օլիմպիական խաղերում ծանրամարտի մրցաշարի 77 կգ քաշայինների պայքարում 2016թ. Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը երկրորդ վարժության երկրորդ փորձի ժամանակ արմունկի վնասվածք ստացավ եւ չկարողացավ ավարտել մրցումը՝ մնալով առանց տեղի:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Խորեն Գրիգորյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով