09:59  +04,  19 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Գառնիկ Մնացականյանը կմեկնարկի աշխարհի փոխչեմպիոնի հետ գոտեմարտով

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի տղամարդկանց 57 կգ եւ 74 կգ քաշային ըմբիշների կշռման արարողությունն ու վիճակահանությունը:

Այս մրցաձեւում Հայաստանի առաջին ներկայացուցիչ 27-ամյա Գառնիկ Մնացականյանը 57 կգ քաշայինների մրցաշարում օգոստոսի 19-ին պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը կլինի աշխարհի 2013թ. չեմպիոն, Լաս Վեգասում կայացած աշխարհի 2015թ. առաջնության արծաթե մեդալակիր, իրանցի 26-ամյա Հասան Ռահիմին: Հաղթանակի դեպքում հայ ըմբիշը 1/4 եզրափակիչում կմրցի Վիկտոր Լեբեդեւ (Ռուսաստան) – Սանդեպ Տոմար (Հնդկաստան) զույգի հաղթողի հետ: Աշխարհի կրկնակի չեմպիոն Վիկտոր Լեբեդեւ բրոնզե մեդալ է նվաճել Լաս Վեգասում կայացած աշխարհի 2015թ. առաջնությունում, իսկ Սանդեպ Տոմարն Ասիայի 2016թ. չեմպիոնն է 53 կգ քաշային կարգում:

Նախնական գոտեմարտերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17:00-ից: Գառնիկ Մնացականյանի առաջին գոտեմարտը նախատեսված է 17:30-ին:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում Ռիո են մեկնել նաեւ Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գեորգի Կետոեւը (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ): Լեւան  Բերիանիձեն կմեկնարկի օգոսոտոսի 20-ին, իսկ 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը եւ Գեորգի Կետոեւը հանդես կգան Օլիմպիական խաղերի վերջին օրը՝ օգոսոտոսի 21-ին:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը եւս Ռիո-2016-ին մեկնել էր 4 մարզիկով եւ մեկ ոսկե եւ մեկ արծաթե մեդալով թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը՝ զիջելով միայն Կուբային ու Ռուսաստանին: Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ էր նվաճել 98 կգ քաշային կարգում, իսկ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը եզրափակիչում կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել էր աշխարհի 2014թ. չեմպիոն, սերբ 30-ամյա Դավոր Շտեֆանեկին եւ բավարարվել արծաթե մեդալով:  Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում եւ լքել պայքարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: