01:50  ,  19 օգոստոսի, 2016

«Борцовский Круг»-ի գլխավոր խմբագիր. Միհրան Հարությունյանն է Օլիմպիական խաղերի իսկական հաղթողը

Չեչնիայում հիմնադրված եւ լույս տեսնող «Борцовский Круг» պարբերականի գլխավոր խմբագիր Մուսլիմ Գապուեւը ֆեյսբուքյան էջում հրապարակած հոդվածում անդրադարձել է Ռիոյի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ըմբշամարտի 66 կգ քաշայինների պայքարին:

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Հարությունյանը խայտառակ կողմնակալ մրցավարության հետեւանքով զրկվեց հաղթանակից սերբ Դավոր Ստեֆանեկի հետ եզրափակիչ գոտեմարտում:

«Տոնը ստվերվեց մի քանի կարեւոր գոտեմարտերի զզվելի մրցավարությամբ: Առաջին օրը դեռ տագնապը քիչ էր. կարծում էինք, որ մրցավարական սխալներ են: Երկրորդ օրը բոլորի համար պարզ դարձավ, որ որոշ ըմբիշներին առաջ են տանում: Երրորդ օրը վերջնականապես հասկանալի դարձավ, որ գործը մրցավարական սխալները չեն, այլ մրցավարների կանխամտածված, նենգ ու ցինիկ վերաբերմունքն է որոշ ըմբիշների նկատմամբ, որոնք վայելում են ոմանց հովանավորությունը:

Ցավալի է, որ այդ կեղտոտ խաղերի զոհ դարձավ նաեւ չեչեն ըմբիշ Իսլամ-Բեկ Ալբիեւը, սակայն նրա նկատմամբ նուրբ կոմնակալության դրսեւորումները նկատելի էին միայն մասնագետներին եւ ընդամենը ծաղիկներ էին այն աղաղակող ապօրինության համեմատ, որը մարզական կանոնների այսպես կոչված հսկողները կիրառեցին հայ ըմբիշ Միհրան Հարությունյանի դեմ սերբ Դավոր Ստեֆանեկի հետ գոտեմարտում:

Անկեղծ ասած, կյանքում հունահռոմեական ըմբշամարտում չէի տեսել այդպիսի տոտալ առավելություն մի ըմբիշի կողմից, այն էլ օլիմպիական եզրափակիչում: Վեց րոպե Հարությունյանը պրեսինգի էր ենթարկում, հարձակողական գործողություններով մրցակցին դուրս հանեց մրցագորգից, ինչի համար ստացավ մեկ միավոր: Ստեֆանեկը միայն պաշտպանվում էր: Բայց զարմանալիորեն այդ ընթացքում երկու անգամ պասիվության համար պարտերում հայտնվեց հայ ըմբիշը: Մրցավարը ոչ մի անգամ Ստեֆանեկին պարտեր չնստեցրեց: Վերջում էլ մրցավարը մեկ միավոր նվիրեց սերբին եւ 1:1 հավասար հաշվի վերջին գործողության համար հաղթանակը տվեց Ստեֆանեկին: Հիշեցնեմ, որ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը եւս սերբ է:

Ի՞նչ կարելի է ասել: Անվիճելի է մի բան. «սեփական» ըմբիշների այսպիսի աջակցությունը կործանում է մարզաձեւը ներսից: Մարզիկները 15-20 տարի համառ գնում են իրենց նպատակին՝ ամեն ինչում սահմանափակելով իրենց, իսկ ոմանք մի որոշումով զրոյացնում են այդ ծանր աշխատանքը:

Ցավոք, Օլիմպիական խաղերը նմանվում են «Եվրատեսիլին», որտեղ քաղաքական բաղադրիչը երաժշտականից կարեւոր է: Տհաճ է գիտակցել, որ ըմբշամարտում չեմպիոնությունը քվոտավորված է: 1976թ. Օլիմպիական խաղերում ԽՍՀՄ հավաքականը հունահռոմեական ըմբշամարտում նվաճեց 7 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ 10 քաշային կարգերում: Այն ժամանակ դա հնարավոր էր, բայց ոչ հիմա:

Ռիոյի Օլիմպիական խաղերը ցույց տվեցին, թե ինչքան շատ են խնդիրները հունահռոմեական ըմբշամարտում:

Առաջին հերթին, դա վերաբերում է ոչ կատարյալ կանոններին, որոնք թույլ են տալիս մրցավարներին որոշել մարզիկների ճակատագիրն այնպես, ինչպես կցանկանան: Փոփոխությունները վաղուց են հասունացել: Այս մրցավարական օրինազանցության դեմ պետք է պայքարել ըմբշամարտի ամբողջ աշխարհով:

«Борцовский КРУГ»-ի հերթական համարը լույս կտեսնի Միհրան Հարությունյանի լուսանկարով եւ գրությամբ, որ հենց նա է Օլիմպիական խաղերի իսկական հաղթողը»,- գրել է պարբերականի գլխավոր խմբագիր Մուսլիմ Գապուեւը:

Հիշեցնենք, որ հանրագիր-պահանջների միջազգային change.org կայքում բացվել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ), Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային եւ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախին հասցեագրված հանրագիր Միհրան Հարությունյանի նկատմամբ արդարությունը վերականգնելու պահանջով, որին կարելի է միանալ հետեւյալ հղումով change.org

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս