05:21  +04,  17 օգոստոսի, 2016

Գեւորգ Ալեքսանյանը՝ Ռիոյից. Աննկարագրելի երջանիկ եմ, որ օլիմպիական չեմպիոնի հայր եմ

Օլիմպիական չեմպիոն որդիս իր հաղթանակը նվիրեց զոհված հայ զինվորներին եւ այս օրերին սահմանը պաշտպանող տղաներին: Երջանիկ եմ, որ Օլիմպիական չեմպիոնի հայր եմ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռիոյից ասաց  նորընծա օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը:

Պարոն Ալեքսանյան, NEWS.am Sport-ը շնորհավորում է Ձեզ ձեր որդու Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Որպես անձնական մարզիչ ինչպե՞ս կգնահատեք Արթուր Ալեքսանյանի վարած 4 գոտեմարտերը:

Արթուրը մեկնարկային գոտեմարտն անցկացրեց որոշակի լարվածությամբ. դե Օլիմպիական խաղեր էին, մեկնարկայինն էր, լարվածություն կար: Երկրորդ գոտեմարտից արդեն ամեն ինչ իր տեղն ընկավ, իր ոճով սկսեց գոտեմարտել, սկսեց 0-ներով հաղթել՝ 8:0, 9:0: Օլիմպիական խաղերն այնպիսի պատասխանատվություն է, որ դա բացի սպորտային՝ ֆիզիկական ու տեխնիկական պատրաստվածության, կա նաեւ հոգեբանական պայքար: Արթուրի մոտ ստացվեց: Գոհ եմ Արթուրի ելույթներից:

Եվրոպայի եռակի, աշխարհի կրկնակի եւ արդեն Օլիմպիական չեմպիոնի հայր եք: Արդեն գիտակցո՞ւմ եք, որ Օլիմպիական չեմպիոնի հայր եք:

Մեկնարկային գոտեմարտի լարվածությունը տեսնելով, սկզբից շատ ծանր տարա, հետո իրար հաջորդող հաղթանակներ, արդեն սկսեցի հավատալ, որ մոտ ենք հաղթանակին:  Այնքան ապրումներ, էմոցիաներ են ինձ պատում, որ հիմա դեռեւս լիարժեք չեմ գիտակցում, թե ինչ է կատարվում, ինչ եմ զգում, ինչ ենք արել, Արթուրն ինչ է արել: Շատ ուրախ եմ, աննկարագրելի երջանիկ եմ:

Երբ հնչեց վերջին սուլիչը ու Արթուրը դարձավ չեմպիոն, ես անկախ ինձանից դուրս եկա գորգ, գրկեցի Արթուրին, ու մենք ուղղակի լռեցինք: Ինչ-որ բան ասելու կարիք չկար, էտ լռության մեջ լիքը խոսքեր փոխանակվեցինք Օլիմպիական չեմպիոնի հոր ու օլիմպիական չեմպիոնի միջեւ: Այդպես եղավ նաեւ Տաշքենդի աշխարհի առաջնությունում, երբ Արթուրն առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն: Ես բարձրացա գորգ ու գրկեցի նրան: Դա ստացվում է ինքնաբերաբար: Երբեմն կուտակված էմոցիաներիդ, հուզմունքիդ այդպես պետք է ազատություն տաս, որ դրանից ազատվես ու հասկանաս ու գիտակցես, թե ինչ է իրականում տեղի ունեցել:

Ինձ զանգահարեցին Գյումրիից եւ պատմեցին, որ այնտեղ գյումրեցիները հրապարակում մեծ էկրանով նայել են գոտեմարտերը, տոնում են Արթուրի հաղթանակը, հրավառություն է, դրոշներով մեքենաներով երթ են արել քաղաքում եւ արդեն սպասում են մեր այցին: Դա Գյումրու քաղաքապետարանի կազմակերպածն է: Դեռ ավելի մանրամասներին տեղյակ չեմ, բայց հպարտ եմ, որ այդպես ցնծում են բոլորը Արթուր Ալեքսանյանի հաղթանակով:

Արթուր Ալեքսանյանը պարգեւատրման արարողության դուրս եկավ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի նկարը պատկերող մարզաշապիկով: Ի՞նչ ուղերձ ուներ նրա այդ քայլը:

Այստեղ են համախմբված աշխարհի գրեթե բոլոր լրատվամիջոցները: Արթուրը հատուկ ցուցադրեց եւ լուսանկարվեց այդ շապիկով՝ վրան պատկերված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի նկարը եւ հայտարարեց, որ իր հաղթանակը նվիրում է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինորներին եւ բոլոր այն տղաներին, ովքեր այս օրերին պաշտպանում են մեր սահմանները:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով