01:31  +04,  17 օգոստոսի, 2016

20 տարի անց Հայաստանն ունեցավ օլիմպիական չեմպիոն. Արթուր Ալեքսանյանի ոսկե հաղթանակը (ֆոտոշարք)

20 տարի անց Հայաստանն ունեցավ օլիմպիական չեմպիոն: Գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնը՝ կրկնելով Արմեն Նազարյանի հաջողությունը: Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշային կարգի եզրափակիչում աշխարհի կրկնակի չեմպիոնը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ կուբացի Դանիել Յասմանի Կաբրերայի նկատմամբ:

Առաջին մրցափուլն անցում էր հավասար պայքարում: Միջնամասում կուբացուն պարտեր նստեցրին, իսկ Արթուր Ալեքսանյանը կատարեց 2 միավորանոց գլորում: Հայ ըմբիշը մինչեւ ընդմիջում պահպանեց 2 միավորի առավելությունը:

Երկրորդ մրցափուլում Արթուրին զգուշացրին պասիվության համար եւ պարտեր նստեցրին, բայց մրցակիցը չկարողացավ միավոր վաստակել: Գոտեմարտի ավարտից 1 րոպե առաջ արդեն կուբացին հայտնվեց ծնկած դիրքում: Արթուր Ալեքսանյանը վաստակեց եւս մեկ միավոր եւ հաղթեց 3:0 հաշվով: 

Այս գոտեմարտով Ռիո-2016-ի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարն ավարտվեց: Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը մեկ ոսկե եւ մեկ արծաթե մեդալով թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը՝ զիջելով միայն Կուբային ու Ռուսաստանին:

Արթուր Ալեքսանյանը դարձավ Հայաստանի պատմության 14-րդ օլիմպիական չեմպիոնը:

Հիշեցնենք, որ գյումրեցի ըմբիշը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:2 հաշվով հաղթել էր իտալացի 30-ամյա Դաիգորո Տիմոնչինիին, իսկ հաջորդ փուլում 2 րոպե 11 վայրկյանում 8:0 հաշվով առավելության էր հասել ռումինացի Ալին Ցիուրարուի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Արթուրի մրցակիցն էր թուրք Չենկ Իլդեմը, որին նա ժամանակից շուտ պարտության մատնեց 9:0 հաշվով:

Դանիել Յասմանի Կաբրերան քառորդ եզրափակիչում հաղթել էր Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի չեմպիոն, իրանցի Ղասեմ Ռեզային, իսկ կիսաեզրափակիչում ուժեղ էր գտնվել շվեդ Շտեֆան Շչոենից: Ղասեմ Ռեզային էլ բրոնզե մեդալի համար գոտեմարտում դժվարին հաղթանակ տարավ 29-ամյա Շտեֆան Շչոենի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի նախորդ առաջնության եզրափակիչում Արթուր Ալեքսանյանին հաղթած ռուս Նիկիտա Մելնիկովը չէր մասնակցում Ռիո-2016-ին, իսկ 98 կգ քաշային կարգում Ռուսաստանը ներկայացնում էր Իսլամ Մագոմեդովը, որին քառորդ եզրափակիչում հաղթել էր թուրք Չենկ Իլդեմը:

Օգոստոսի 16-ին պայքարի մեջ էր մտել նաեւ Միհրան Հարությունյանը, որն արծաթե մեդալ էր նվաճել 66 կգ քաշային կարգում՝ եզրափակիչում կողմնակալ մրցավարության պատճառով պարտվելով աշխարհի 2014թ. չեմպիոն, սերբ 30-ամյա Դավոր Շտեֆանեկին:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից հանդես են եկել նաեւ Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), որոնք պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում եւ լքել պայքարը:

Սա Հայաստանը առաջին ոսկե եւ երրորդ մեդալն էր Ռիո-2016-ում: Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր 19-ամյա ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, որն օգոստոսի 15-ին երկրորդ տեղն էր գրավել 105 կգ քաշային կարգում: Անկախ Հայաստանի պատմության մեջ հայ մարզիկները ծանրամարտում առաջին անգամ են նվաճել արծաթե մեդալ:

Անկախ Հայաստանի պատմության առաջին չեմպիոն Արմեն Նազարյանը 1996-ին Ատլանտայի Խաղերում ոսկե մեդալ էր նվաճել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում, իսկ 4 տարի անց նույն հաջողությունը կրկնել էր նաեւ Բուլղարիայի դրոշի ներքո:

Ռիո-2016, հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Տղամարդիկ, 98 կգ

1. Արթուր Ալեքսանյան (Հայաստան)

2. Դանիել Յասմանի Կաբրերա (Կուբա)

3. Չենկ Իլդեմ (Թուրքիա), Ղասեմ Ռեզայի (Իրան)

Արթուր Ալեքսանյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին Գյումրիում:

Ալեքսանյանը 2012 թ. Եվրոպայի չեմպիոն է, 2013 թ. Եվրոպայի եւ աշխարհի փոխչեմպիոն, 2013-2014 թթ. Եվրոպայի չեմպիոն, 2014-2015թթ. աշխարհի չեմպիոն, 2016 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 2014-2015թթ. Հայաստանի լավագույն մարզիկն է եղել:

Ռիո-2016-ը նրա երկրորդ Օլիմպիական խաղերն է: 2012-ին մասնակցել է Լոնդոնի Օլիմպիական խաղերին եւ նվաճել բրոնզե մեդալ: Անձնական մարզիչն է հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ