06:54  +04,  16 օգոստոսի, 2016

Փաշիկ Ալավերդյանը՝ Ռիոյից. Ուրախ եմ ու հպարտ Սիմոն Մարտիրոսյանի համար

Շատ ուրախ եմ ու շատ գոհ եմ Սիմոն Մարտիրոսյանից, նա 19 տարեկան է եւ դեռ երեք Օլիմպիական խաղերի կարող է մասնակցել: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի Հայաստանի հավաքկանի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը Հայաստանի առաջին մեդալը նվաճեց Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում: Ծանրամարտի մրցաշարի 105 կգ քաշային կարգում 19-ամյա Մարտիրոսյանը դարձավ արծաթե մեդալակիր:

Պատանեկան օլիմպիական չեմպիոնն ու ռեկորդակիրը երկամարտում գրանցեց 417 կգ (190+227)՝ սահմանելով անձնական ռեկորդ եւ նվաճելով Ռիո-2016-ի արծաթե մեդալը:

Պարոն Ալավերդյան, Ձեր գլխավորած թիմի ամենաերիտասարդ մարզիկը նվաճեց Հայաստանի առաջին մեդալը Ռիո-2016-ում, ինչի կապակցությամբ NEWS.am Sport-ը շնորհավորում է Ձեզ: 

Ուրախ եմ եւ հպարտ: Սա մեր բոլորի հաղթանակն է, բոլորիս ձեռքբերումն է: Սիմոն Մարտիրոսյանն իսկապես մեր այս օրը մեծ տոնի վերածեց:

Ի՞նչը պակասեց Սիմոն Մարտիրոսյանին ոսկե մեդալի համար:

Եթե նա օգտագործեր իր վերջին մոտեցումները, գուցե կարողանար առաջին տեղը գրավել:

Հուզմունքը խանգարե՞ց:

Ոչ, հուզմունքը չէր նրա վերջին մոտեցումների ձախողումների պատճառը, այլ նրա անձնական քաշն էր, նա 5 կգ քաշ էր գցել, ինչն իր ազդեցությունն ունեցավ: Մարզումների ժամանակ այս քաշով քիչ է մարզվել: Սիմոնն ու մենք ի վիճակի էինք այսքանի: Սիմոնը դեռեւս 19 տարեկան է, եւ նա դեռ երեք Օլիմպիական խաղերի կարող է մասնակցել:

Գո՞հ եք, մի տեսակ տխրություն կա Ձեր ձայնի մեջ: 

Շատ ուրախ եմ ու շատ գոհ եմ Սիմոն Մարտիրոսյանից: Ուղղակի ֆիզիկապես շատ հոգնած եմ եւ չեմ կարողանում ապրումներս ու զգացողություններս նկարագրել:

Ես առաջին անգամ չեմ տեսնում հաջողություններ: Հայկական ծանրամարտում օլիմպիական մեծ հաջողություն տեսել եմ 1992 թվականին, երբ Իսրայել Միլիտոսյանը դարձավ օլիմպիական չեմպիոն: Դրանից հետո մենք ունեցել ենք երեք բրոնզե մեդալ Օլիմպիական խաղերում: Սիմոն Մարտիրոսյանի այսօրվա ցուցանիշն ավելի բարձր է, քան օլիմպիական երրորդ տեղերը: Սա մեծ ձեռքբերում է հայկական ծանրամարտի համար: Այնպես որ՝ շնորհավորում եմ բոլորիս այս հաղթանակի համար:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով



  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ