06:54 16 օգոստոսի, 2016Շատ ուրախ եմ ու շատ գոհ եմ Սիմոն Մարտիրոսյանից, նա 19 տարեկան է եւ դեռ երեք Օլիմպիական խաղերի կարող է մասնակցել: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի Հայաստանի հավաքկանի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը Հայաստանի առաջին մեդալը նվաճեց Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում: Ծանրամարտի մրցաշարի 105 կգ քաշային կարգում 19-ամյա Մարտիրոսյանը դարձավ արծաթե մեդալակիր:
Պատանեկան օլիմպիական չեմպիոնն ու ռեկորդակիրը երկամարտում գրանցեց 417 կգ (190+227)՝ սահմանելով անձնական ռեկորդ եւ նվաճելով Ռիո-2016-ի արծաթե մեդալը:
Պարոն Ալավերդյան, Ձեր գլխավորած թիմի ամենաերիտասարդ մարզիկը նվաճեց Հայաստանի առաջին մեդալը Ռիո-2016-ում, ինչի կապակցությամբ NEWS.am Sport-ը շնորհավորում է Ձեզ:
Ուրախ եմ եւ հպարտ: Սա մեր բոլորի հաղթանակն է, բոլորիս ձեռքբերումն է: Սիմոն Մարտիրոսյանն իսկապես մեր այս օրը մեծ տոնի վերածեց:
Ի՞նչը պակասեց Սիմոն Մարտիրոսյանին ոսկե մեդալի համար:
Եթե նա օգտագործեր իր վերջին մոտեցումները, գուցե կարողանար առաջին տեղը գրավել:
Հուզմունքը խանգարե՞ց:
Ոչ, հուզմունքը չէր նրա վերջին մոտեցումների ձախողումների պատճառը, այլ նրա անձնական քաշն էր, նա 5 կգ քաշ էր գցել, ինչն իր ազդեցությունն ունեցավ: Մարզումների ժամանակ այս քաշով քիչ է մարզվել: Սիմոնն ու մենք ի վիճակի էինք այսքանի: Սիմոնը դեռեւս 19 տարեկան է, եւ նա դեռ երեք Օլիմպիական խաղերի կարող է մասնակցել:
Գո՞հ եք, մի տեսակ տխրություն կա Ձեր ձայնի մեջ:
Շատ ուրախ եմ ու շատ գոհ եմ Սիմոն Մարտիրոսյանից: Ուղղակի ֆիզիկապես շատ հոգնած եմ եւ չեմ կարողանում ապրումներս ու զգացողություններս նկարագրել:
Ես առաջին անգամ չեմ տեսնում հաջողություններ: Հայկական ծանրամարտում օլիմպիական մեծ հաջողություն տեսել եմ 1992 թվականին, երբ Իսրայել Միլիտոսյանը դարձավ օլիմպիական չեմպիոն: Դրանից հետո մենք ունեցել ենք երեք բրոնզե մեդալ Օլիմպիական խաղերում: Սիմոն Մարտիրոսյանի այսօրվա ցուցանիշն ավելի բարձր է, քան օլիմպիական երրորդ տեղերը: Սա մեծ ձեռքբերում է հայկական ծանրամարտի համար: Այնպես որ՝ շնորհավորում եմ բոլորիս այս հաղթանակի համար:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.