06:24  +04,  16 օգոստոսի, 2016

Օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյան. Մեդալս նվիրում եմ ամբողջ հայ ազգին

Մեդալս նվիրում եմ ամբողջ հայ ազգին, իմ ժողովրդին ու առանձնահատուկ բոլոր նրանց, ովքեր երկրպագել են ինձ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռիո-2016-ի ծանրամարտի մրցաշարի օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը Հայաստանի առաջին մեդալը նվաճեց Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում: Ծանրամարտի մրցաշարի 105 կգ քաշային կարգում 19-ամյա Մարտիրոսյանը դարձավ արծաթե մեդալակիր:

Պատանեկան օլիմպիական չեմպիոնն ու ռեկորդակիրը երկամարտում գրանցեց 417 կգ (190+227)՝ սահմանելով անձնական ռեկորդ եւ նվաճելով Ռիո-2016-ի արծաթե մեդալը:

Սիմոն, NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն դառնալու կապակցությամբ: Ի՞նչ զգացողություններ են այժմ քեզ պատում:

Շատ ուրախ եմ: Աննկարագրելի զգացողություններ ունեմ: Չեմ կարող բառերով բնութագրել: Ես պատրաստ էի պայքարի: Օլիմպիական մեդալն իմ երազանքն է եղել, ես երկար տարիներ պատրաստվել էի այս արդյունքի համար: Արծաթե մեդալ նվաճեցի: Այստեղ բոլորը եկել էին պայքարելու մեդալի համար: Ով ինչ մեդալ նվաճեց, ով որերրորդ տեղը նվաճեց, դրան էր արժանի: Շատ ուրախ եմ ես իմ մեդալի համար:

Այն, որ ոսկե մեդալը նվաճելու հնարավորություն ունեիր, ու ձեռքիցդ բաց թողեցիր, չես տխրո՞ւմ:

Տխրում եմ, ինչպես կարող եմ չտխրել, որ հնարավորություն ունեի: Բայց արծաթե մեդալով շատ ուրախ եմ ու հպարտ եմ: Ափսոսում եմ, որ չկարողացա իրականցնել հրում եւ պոկում վարժությունների վերջին մոտեցուները: Հրում վարժությունը ձախողեցի այն պատճառով, որ կարծում եմ՝ ուղղակի շատ էի ուզում բարձրացնել:

Օլիմպիական պատվո հարթակին կանգնած ի՞նչ ապրումներ ունեցար:

Հպարտ էի, որ կարողացա իմ ազգի համար մեդալ նվաճել:

Ո՞ւմ ես նվիրում մեդալդ:

Իմ ամբողջ հայ ազգին, մեր ժողովրդին են նվիրում այս մեդալը եւ առանձնահատուկ այն մարդկանց, ովքեր ուրախանում են ինձ համար եւ երկրպագել են այսօր ինձ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով