01:03  ,  14 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Նարեկ Աբգարյանը ծանր մենամարտում հաղթանակ տարավ

Ռիոյի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում առաջին մենամարտն անցկացրեց Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, 24-ամյա  Նարեկ Աբգարյանը:

52 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը 2:1 հաշվով հաղթանակ տարավ  Ուգանդայի ներկայացուցիչ, 31-ամյա Ռոնալդ Սերուգոյի նկատմամբ:

Առաջին ռաունդում հաղթեց Նարեկ Աբգարյանը, երկրորդ ռաունդում Սերուգոն, վճռական ռաունդում առավելությունը հայ մարզիկի կողմն էր:

Հաջորդ շրջանում Նարեկ Աբգարյանի մրցակիցը կլինի չինացի Յիանգուան Հուն: Մենամարտը տեղի կունենա օգոստոսի 16-ին:

Նարեկ Աբգարյան բռնցքամարտ, 52 կգ քաշային կարգ

Ծնվել է 1992 թվականի հունվարի 6-ին։ Ամուսնացած չէ:

Հայաստանի բազմակի չեմպիոն է, 2008թ. պատանիների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2012թ. Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների բրոնզե մեդալակիր, 2013-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգեւատրվել է Վազգեն Սարգսյանի մեդալով, միջազգային մրցաշարերի հաղթող է, Բաքվում կայացած Եվրոպական խաղերի մասնակից։

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է Թուրքիայի Սամսուն քաղաքում անցկացված վարկանիշային մրցաշարում։

Անձնական մարզիչն է հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը։

Հիշեցնենք, որ Ռիոյում Հայաստանի բռնցքամարտիկներից 64 քաշային կարգի 1/16 եզրափակիչում Հովհաննես Բաչկովը մենամարտեց 24-ամյա վենեսուելացի Լուիս Մարտին Արկոնի հետ եւ հաղթեց 2:1 հաշվով: Օգոստոսի 14-ին կայանալիք 1/8 եզրափակիչի մենամարտում Հովհաննես Բաչկովը ռինգ դուրս կգա չինացի Քսյանսուն Հուի դեմ:

56 կգ քաշային Արամ Ավագյանը հաղթանակով մեկնարկեց՝ 2:1 հաշվով պարտության մատնելով 20-ամյա ճապոնացի Արաշի Մորիսակային: Օգոստոսի 14-ին կայանալիք 1/8 եզրափակիչի մենամարտում Արամ Ավագյանի մրցակիցը կլինի իռլանդացի Մայքլ Քոնլանը, որն առաջին շրջանում ազատ էր:

69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը երկրորդ մենամարտում առաջին ռաունդում հոնքի արնահոսող վնասվածքի պատճառով տեխնիական նոկաւոտով պարտվեց Լոնդոն-2012-ի Օլիմպիական խաղերի չեմպիոն (64 կգ քաշային կարգում), 27-ամյա կուբացի Ռոնիել Իգլեսիասին: 1/16 եզրափակիչում Վլադիմիր Մարգարյանը 3։0 առավելությամբ հաղթել էր Ֆիջիի ներկայացուցիչ Ուինսթոն Հիլին:

49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը մեկնարկային մենամարտում 0:3 հաշվով պարտվել է իսպանացի Սամուել Հարմոնա Հերերային եւ դուրս մնացել պայքարից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս