18:51  ,  13 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Հայաստանի օլիմպիականները. Արսեն Ջուլֆալակյան, Մաքսիմ Մանուկյան (ֆոտո)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք նվաճած հայ մարզիկներին:

Արսեն Ջուլֆալակյան, ըմբշամարտ, հունահռոմեական ոճ, 75 կգ քաշային կարգ

Ծնվել է 1987 թվականի մայիսի 8-ին, Գյումրիում:

Արսեն Ջուլֆալակյանը ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից է, 2009 թվականի Եվրոպայի չեմպիոն է, 2010 թ. աշխարհի փոխչեմպիոն, 2009-2010 թթ. աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր, 2011 թ. աշխարհի բրոնզե մեդալակիր, 2012 թ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2012 թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, 2013 թ. աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2014 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն:

Օլիմպիական փոխչեմպիոնը 2012 թ.-ին պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայութունների համար» երկրորդ աստիճանի, իսկ 2014-ին՝ «Հայրենիքին մատուցած ծառայութունների համար» առաջին աստիճանի մեդալներով:

2012 թվականին ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ:

Ռիո-2016-ը Արսեն Ջուլֆալակյանի երրորդ Օլիմպիական խաղերն են:

Անձնական մարզիչն է Սամվել Գեւորգյանը:

Ռիո-2016-ի ուղեգիրը նվաճել է Մոնղոլիայում տեղի ունեցած վարկանիշային մրցաշարում:

Օլիմպիական մրցագորգ դուրս կգա օգոստոսի 14-ին:

Մաքսիմ Մանուկյան, ըմշամարտ, հունահռեմական ոճ, 85 կգ քաշային կարգ

Ծնվել է 1987 թվականի դեկտեմբերի 10-ին Երեւանում:

Մաքսիմ Մանուկյանի մարզական կարիերան դադարներով է եղել: Սկսել է մարզվել 1998 թվականից, չորս տարի դադարից հետո վերադարձել է մեծ սպորտ ու վերսկսել մարզումները 2010 թվականից:

Կազան-2013-ի Համաշխարհային ունիվերսիադայի փոխչեմպիոն է, 2014 թ. զինվորականների աշխարհի բրոնզե մեդալակիր:

2015 թ. մասնակցել է Բաքվի Եվրոպական խաղերին՝ տանելով 3 փայլուն հաղթանակ, կրելով 2 պարտություն: Բաքվում հայ ըմբիշը 2 րոպե 21 վայրկյանում 9:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել ադրբեջանցի Սաման Տահմասեբիի նկատմամբ, 8:1 հաշվով հաղթել էր չեխ Արտուր Օմարովին, պարտության էր մատնել լիտվացի Ալեքսանդր Կազակեւիչին, իսկ կիսաեզրափակիչում 4:12 հաշվով պարտվել էր Ուկրաինան ներկայացնող Ժան Բելենյուկին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում 21-ամյա Մանուկյանը հանդիպեց թուրք Մետեհան Բասարին եւ պարտվեց 0:3 հաշվով:

Անձնական մարզիչն է Ալեքսան Հովհաննիսյանը:

Ռիո-2016-ի ուղեգիրը նվաճել է Մոնղոլիայում անցկացված վարկանիշային մրցաշարում:

Մաքսիմ Մանուկյանը օլիմպիական մրցագորգ դուրս կգա օգոստոսի 15-ին:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով