01:09  ,  13 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ. 10-րդ տեղը լավ արդյունք է, բայց ես ավելին էի ակնկալում

Հրում վարժությունում Սոնա Պողոսյանը գերազանք հանդես եկավ, բայց պոկում վարժությունում սպասելիքներս ավելի շատ էին: 10-րդ տեղը լավ արդյունք է, բայց ես նրանից ավելին էի ակնկալում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցին ասաց ծանամարտի կանանց Հայաստանի հավաքականի մարզիչ, Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանը, մեկնաբանելով Ռիո-2016-ի ծանրամարտի կանանց B խմբի մրցաշարում հանդես եկող Սոնա Պողոսյանի մրցելույթը: 18-ամյա մարզուհին երկամարտի 223 կգ արդյունքով զբաղեցրեց 10-րդ տեղը:

Պարոն Ղազարյան, Սոնա Պողոսյանը Ռիո-2016-ի ծանրամարտի կանանց մրցապայքարի B խմբում զբաղեցրեց երրորդ տեղը երկամարտի 223 կգ արդյունքով: Գո՞հ եք նրա արդյունքից:

Նորմալ արդյունք է Օլիմպիական խաղերի համար: Աշխարհի առաջնությունից հետո սա մեծահասակների կազմում Սոնայի երրորդ մրցելույթն էր: Սոնա Պողոսյանը երիտասարդ մարզիկ է, 18 տարեկան, հրում վարժությունում իր անձնական ռեկորդը բարելավեց: Նորվեգիայում՝ Եվրոպայի առաջնությունում, 125 կգ էր հրել: 1 կգ բարելավեց իր արդյունքը: Այս կիլոգրամին Սոնան առաջին անգամ մոտեցավ: Ինձ համար գերազանք էր: Բայց պոկում վարժությունում սպասելիքս ավելին էր՝ ես ակնկալում էի 100 կգ եւ մի քիչ ավելի: Երեւի չստացվեց, սա մեծ սպորտ է ու Օլիմպիական խաղեր են: Նորմալ մասնակցություն ունեցավ իմ աղջիկը:

Սպասու՞մ էիք այս արդյունքին:

Այս արդյունքն ինձ գոհացնում է որպես անձնական մարզիչ: Բայց ես իրականում մի քիչ ավելին էի սպասում Սոնայից: Նախնական հայտով, 220 կգ էին ներկայացրել մարզիչները Սոնայի համար: Նորմալ էր այս հայտավորումը: Մենք երկրորդ հավակնորդ չունեինք, Հռիփսիմե Խուրշուդյանի բացակայությունից հետո: Սոնան ընտրվեց երկրորդ մասնակից եւ պատվով հանդես եկավ Ռիո-2016-ում: Բոլոր 6 մոտեցումները ճիշտ կատարեց:

Առջեւում երիտասարդների Եվրոպայի առաջնությունն է, սպասում եմ՝ էլ ավելի լավ արդյունքների: Իսկ ընդհանուր առմամբ, ամեն ինչ լավ է, լավ մասնակցություն ապահովեց:

Դուք նաեւ կանանց հավաքականի մարզիչն եք: Նազիկ Ավդալյանի 5-րդ տեղի արդյունքին ի՞նչ գնահատական կտաք:

Համարում եմ նորմալ արդյունք 5-րդ տեղը՝ երկամարտում 242 կգ արդյունքով: Նազիկի օլիմպիական ելույթը համարում եմ շատ լավ: Մարզիչները որոշել էին տակտիկական պայքարով առաջնորդվել, ու նա հրաշալի հանդես եկավ, պայքարեց ծանրաձողի հետ:

Այսինքն՝ ի սկզբանե, մեդալի չէր գնո՞ւմ Նազիկ Ավդալյանը, այլ տակտիտկակա՞ն պայքարի:

Ընդհանուր առմամբ մեդալի հույսեր չկար իմ կարծիքով: Պոկում վարժությունում եթե մի մոտեցումը չկորցներ, հնարավոր է 110 կգ-ին մոտենար: Բայց մեդալի համար ամենաքիչը 255-260 կգ երկամարտի արդյունք էր պետք մեդալի համար պայքարելու համար: Դա լինում է մոտ 115-145: Իսկ Նազիկը արեց 107-135 կգ:

Երկու մարզիկներն էլ ավարտեցին իրենց մրցելույթները Ռիո-2016-ում: Այս արդունքների ակնկալիքով էիք աղջիկներին ճանապարհո՞ւմ Ռիո, թե՞ ամեն դեպքում, սպասումներն էլ ավելին էին:

Իրականում Հռիփսիմե Խուրշուդյանի մասնակցության հնարավորությունից զրկվելուց հետո ինձ ոչինչ չի հետաքրքրում: Լոնդոն-2012-ում Հռիփսմեն հրեց 166 կգ եւ այս քաշից հետո եւ օլիմպիական բրոնզից հետո այս արդյունքներն ինձ չեն ոգեւորում:

Եթե Հռիփսիմե Խուրշուդյանը մասնակցեր, մայրանալուց հետո կկարողանա՞ր մեդալի պայքար տանել Ռիոյում:

Չեմ կարող ասել՝ ինչ կլիներ, բայց որ կիլոգրամները կբարելավեր Եվրոպայի առաջնությունից հետո, դա հաստատ: Ու հնարավոր է, որ մեդալ էլ լիներ, բայց սա զուտ իմ կարծիքն է եւ բացի այդ գերծանր քաշայինների պայքարը Ռիո-2016-ում չի սկսվել:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով