09:33  +04,  12 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Մայքլ Ֆելփսը դարձավ 22-ակի օլիմպիական չեմպիոն եւ գերազանցեց 2000 տարվա ռեկորդ (ֆոտոշարք)

Ամերիկացի լեգենդար լողորդ Մայքլ Ֆելփսը չորրորդ ոսկե մեդալը նվաճեց Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերում՝ դառնալով 22-ակի օլիմպիական չեմպիոն:

Այս անգամ 31-ամյա մարզիկը նվաճեց համալիր լողի 200 մետրում, որում գրանցեց 1 րոպե 54.66 վայրկյան արդյունք: Չապոնացի Հագինո Կոսուկեն գրավեց երկրորդ տեղը, իսկ չինացի Վան Շունն արժանացավ բրոնզե մեդալի:

Մայքլ Ֆելփսը նվաճեց 13-րդ անհատական ոսկե մեդալն Օլիմպիական խաղերում՝ գերազանցելով վազորդ Լեոնիդաս Հռոդոսցու ռեկորդը: Հին հույն օլիմպիականը 12-ակի օլիմպիական չեմպիոն էր դարձել մ.թ.ա. 152 թվականին:

Ավելի վաղ Մայքլ Ֆելփսը գերազանցել էր նաեւ 96 տարվա ռեկորդ՝ դառնալով պատմության ամենատարեց օլիմպիական չեմպիոնը լողում (31 տարեկանում): Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր 1920 թվականի Օլիմպիական խաղերի հերոսներից Դյուկ Կախանամոկին, որը լողի օլիմպիական ոսկե մեդալ էր նվաճել 30 տարեկան դառնալուց օրեր անց:

Ռիո-2016-ում ամերիկացին հաղթել էր նաեւ բաթերֆլայի 200 մետրում եւ ԱՄՆ-ի թիմին օգնել է ոսկե մեդալ նվաճել կրոլի 4х100 ու 4х200 մետր փոխանցումալողում: Նա դարձյալ թարմացրեց սեփական ռեկորդը Օլիմպիական խաղերում նվաճած ոսկե մեդալների ցուցանիշով:

Ռիո-2016-ը Մայքլ Ֆելփսի վերջին Օլիմպիական խաղերն է: Նա կարիերան որոշել էր ավարտել Լոնդոն-2012-ից հետո, սակայն 2014-ին վերադարձավ:

Ռիո-2016, տղամարդիկ, լող

Համալիր լող, 200 մետր

1. Մայքլ Ֆելփս (ԱՄՆ) – 1.54.66

2. Հագինո Կոսուկե (Ճապոնիա) - 1.56,61

3. Վան Շուն (Չինաստան) - 1.57,05

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս