20:38  ,  11 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Վլադիմիր Մարգարյանն առաջին ռաունդում հոնքի արնահոսության պատճառով պարտվեց Լոնդոն-2012-ի օլիմպիական չեմպիոնին

Ռիոյի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն անցկացրեց երկրորդ մենամարտը: Մրցակիցը Լոնդոն-2012-ի Օլիմպիական խաղերի չեմպիոն (64 կգ քաշային կարգում), 27-ամյա կուբացի Ռոնիել Իգլեսիասն էր:

Առաջին ռաունդում Վլադիմիր Մարգարյանը հոնքի պատռվածք ստացավ եւ պահանջվեց բժիշկների օգնություն: Պատռվածքի վրա կար դնելուց հետո հայ մարզիկը շարունակեց մենամարտը, սակայն արնահոսությունը վերսկսվեց եւ մրցավարները կանոնադրության համաձայն, թույլ չտվեցին նրան շարունակել պայքարը՝ հաղթանակը շնորհելով Իգլեսիասին: Գրանցվեց տեխնիկական նոկաուտ:

1/16 եզրափակիչում Վլադիմիր Մարգարյանը 3։0 առավելությամբ հաղթել էր Ֆիջիի ներկայացուցիչ Ուինսթոն Հիլին:

Վլադիմիր Մարգարյան, բռնցքամարտ, 69 կգ

Ծնվել է 1991 թվականի մարտի 8-ին, Երեւանում։ Ամուսնացած չէ։

Հայաստանի հավաքականի անդամ է,  Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի մասնակից։ Օլիմպիական ուղեգիրը նվաճել է Թուրքիայի Սամսուն քաղաքում տեղի ունեցած վարկանիշային մրցաշարում։

Անձնական մարզիչն է Արմեն Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի բռնցքամարտիկներից 64 քաշային կարգի 1/16 եզրափակիչում Հովհաննես Բաչկովը մենամարտեց 24-ամյա վենեսուելացի Լուիս Մարտին Արկոնի հետ եւ հաղթեց 2:1 հաշվով: Օգոստոսի 14-ին կայանալիք 1/8 եզրափակիչի մենամարտում Հովհաննես Բաչկովը ռինգ դուրս կգա չինացի Քսյանսուն Հուի դեմ:

56 կգ քաշային Արամ Ավագյանը հաղթանակով մեկնարկեց՝ 2:1 հաշվով պարտության մատնելով 20-ամյա ճապոնացի Արաշի Մորիսակային: Օգոստոսի 14-ին կայանալիք 1/8 եզրափակիչի մենամարտում Արամ Ավագյանի մրցակիցը կլինի իռլանդացի Մայքլ Քոնլանը, որն առաջին շրջանում ազատ էր:

49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը մեկնարկային մենամարտում 0:3 հաշվով պարտվել է իսպանացի Սամուել Հարմոնա Հերերային եւ դուրս մնացել պայքարից:

Հայաստանը Ռիոյի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում կներկայացնի նաեւ Նարեկ Աբգարյանը (52 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում