19:03  +04,  11 օգոստոսի, 2016

Կարապետ Ալավերդյան. Սպորտից հեռու հասարակ մարդ եմ, ում աղջիկը դարձել է Ռիոյի օլիմպիական չեմպիոն (ֆոտոշարք)

Ռիոյի Օլիմպիական խաղերի նորընծա չեմպիոն, 22-ամյա ռուսաստանցի սուսերամարտիկ Յանա Եգորյանը Ալբերտ Մկրտչյանի՝ «Խոշոր շահում»(1981) ֆիլմի Մամիկոնի դերակատար Հենրիկ Ալավերդյանի թոռնուհին է։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Յանա Եգորյանի հայրը՝ կահույքագործ Կարապետ Ալավերդյանը, ով ապրում է Երեւանում։

Ռիո-2016-ում թրամարտի կանանց անհատական պայքարի եզրափակիչում Յանա Եգորյանը 15:14 հաշվով պարտության մատնեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սոֆյա Վելիկայային եւ հռչակվեց օլիմպիական չեմպիոն։ Մինչեւ  6 տարեկանը Հայաստանում ապրած Յանա Եգորյանն ունի շատ տիտղոսներ՝ 2015թ. աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի քառակի չեմպիոն, սակայն այդ տիտղոսները նվաճել է Ռուսաստանի հավաքականի կազմում, թիմային պայքարում:

Օլիմպիական չեմպիոնը հարցազրույցներում նշում է, որ ինքը հայ կին է, ծնողները հայ են, իսկ հայրն ապրում է Երեւանում։

Երեւանում բնակվող օլիմպիական չեմպիոնի հայրը՝ Կարապետ Ալավերդյանը, NEWS.am Sport-ի թղթակցին հյուրընկալեց Յանա Եգորյանի հայրական տանը, որտեղ օլիմպիական չեմպիոնը ապրել է մինչեւ Ռուսաստան տեղափոխվելը։

NEWS.am Sport-ը շնորհավորում է Ձեզ, Յանա Եգորյանի օլիմպիական ոսկե մեդալի կապակցությամբ։ Ի՞նչ ապրումներ ունեցաք, երբ հասկացաք՝ օլիմպիական չեմպիոնի հայր եք։

Շնորհակալ եմ: Անբացատրելի, աննկարագրելի զգացողություններ ու ապրումներ պատեցին ինձ։ Երջանկությունս այնքան շատ էր այդ պահին ու մինչեւ հիմա էլ շարունակվում է, որ ինձ թվում է՝ կյանքում երբեք այդպես չեմ ուրախացել, երջանիկ ինձ չեմ զգացել։ Ես սպասում էի, որ նա կհաղթի։ Մինչեւ մեկնարկի դուրս գալը, մինչեւ Ռիո մեկնելը խոսել ենք, անընդհատ հարցնում էի՝ հաղթելու ես, ասում էր այո, «կրելու եմ պապուլյա»․ ինքն ինձ այդպես է դիմում։

Որքա՞ն է Ձեր ներդրումը Յանայի հաջողության մեջ։

Կարծում եմ, այդքան էլ լումա չունեմ, քանի որ ինչի հասել է աղջիկս այս տարիների ընթացքում, ամենն իր նպատակասլացության, ձգտումի, համառության ու անսահման աշխատասիրության արդյունքն է։ Յանան հանրահայտ դերասան եւ օպերային երգիչ, մի շարք հայկական ֆիլմերի, այդ թվում Ալբերտ Մկրտչյանի «Խոշոր շահում» ֆիլմի Մամիկոնի դերակատար Հենրիկ Ալավերդյանի թոռնուհին է։ Կարծում եմ՝ Յանայի աշխատասիրությունը, համառությունն ու պայքարելու մեծ ձգտումը գեներով է հորիցս անցել է աղջկաս։ 

Ինչպե՞ս Յանան ընտրեց սպորտային կարիերան։

Յանան ծնվել է 1993 թվականին Վրաստանում։ Հայրենիքը Հայաստանն է, բայց նա ծնվել է Թբիլիսիում։ Այդ ժամանակ ես ընտանիքիս հետ գործուղման էի մեկնել Վրաստան։ Քանի որ մենք «զագսավորված» չէինք, Վրաստանում Յանային գրանցեցին մոր ազգանունով՝ Եգորյան։ Ես Ալավերդյան եմ՝ Հենրիկ Ալավերդյանի որդին։ Յանայի մանկությունն անցել է Երեւանում՝ մինչեւ 6 տարեկան։ Այստեղ է հաճախել մանկապարտեզ, բակում խաղացել։ Աշխույժ, չարաճճի, բայց ոչ չար, «համով» երեխա էր։ Թմբլիկ էր, ուտելու հետ կապված խնդիր չունեինք, փոքր տարիքից սիրել է համեղ ուտել։ Հիմա էլ չի փոխվել՝ նույն թեթեւ բնավորությամբ, հետաքրքիր, աշխույժ աղջիկ է, ով իր առջեւ դնում է նպատակ ու հասնում դրան։ Ես նրան քիչ եմ հանդիպել, երբ մոր հետ տեղափոխվեց Ռուսաստան, իսկ ես մնացի այստեղ, հեռավորության վրա միայն կարողացա նրան հայրություն անել։ Նրա սպորտային ընտրության հարցում ես ներդրում չունեմ, քանի որ ինքն է իր ցանկությամբ ընտրել մարզաձեւը եւ մարզվել։ Ինձ պատմել է, որ դպրոցական տարիքում իր տվյալները տեսել են եւ հրավիրել են սուսերամարտի մարզադպրոց, սիրել է ու սկսել հաճախել։

Ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում եւ Ձեր մեջ օլիմպիական չեմպիոնի հայր դառնալուց հետո։

Առանձնապես ոչինչ չի փոխվել։ Մարդու տեսակը հաջողությունները չեն փոխում։ Ես կահույքագործ եմ, սպորտից բավական հեռու, միայն աղջկաս մրցումներին հետեւող հասարակ մարդ եմ, ում աղջիկը դարձել է Ռիոյի օլիմպիական չեմպիոն։ Անսահման երջանիկ մարդ եմ դարձել։ Նա ինձ կյանքի մեծ նվեր է արել։ Այնքան, որքան այդ օրն ինձ զանգահարեցին, աշխարհի տարբեր ծայրերից ինձ շնորհավորեցին, երեւի կյանքում երբեք որեւէ առիթ՝ ծնունդ-կնունք չի եղել, որ այդքան շատ շնորհավորանք ստանամ։ Ինձ հպարտ եմ զգում, հպարտություն եմ ապրում։ 

Ո՞վ առաջինը զանգեց Օլիմպիական ոսկին նվաճելուց հետո։

Ես զանգեցի։ Երկուսս էլ շատ, չափազանց հուզված էինք, նույնիսկ դժվարությամբ էինք կարողանում խոսքեր փոխանակել, ինքը անչափ երջանիկ էր, ես եռակի երջանիկ էի, կարճ զրուցեցինք ու կախեցի հեռախոսը։

Մի քանի բառով ինչպե՞ս կնկարագրեք Յանա Եգորյանին։

Լավ մարդ, ուղղակի լավ աղջիկ, լավ հայուհի։ Մենք հայր ու դուստր ենք, եթե հեռավորությունը չլիներ, գուցե նաեւ ընկերներ լինեինք։ Ես խիստ հայր չեմ, հեռավորության վրա խստություն չեմ անում, բացի այդ՝ կարիքը չկա։ Մեր զրույցները շատ ջերմ են, բայց ոչ հայերեն։ Հասկանում է հայերեն, բայց զարմանալի է, որ երբեք հայերեն չի խոսում։ Գուցե բառեր օգտագործում է, բայց ես այնքան եմ կենտրոնանում նրա վրա մեր զրույցների ընթացքում, որ գուցե հայերեն բառերը չլսեմ։

Ե՞րբ եք հանդիպելու Ձեր աղջկան։

Յանան վեց տարեկանից Հայաստան չի եկել։ Միշտ ցանկանել է, բայց ժամանակի առումով, մարզումային խիտ գրաֆիկի պատճառով չի եկել։ Այս տարի սեպտեմբերին գալու է Հայաստան․ խոսել ենք, պայմանավորվել ենք, մեկ ամիս արձակուրդ ունի, որոշել է Հայաստանում անցկացնել այն։

Լուսինե Շահբազյան

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով