09:19  ,  7 օգոստոսի, 2016

Արթուր Հովհաննիսյանը՝ Ռիոյից. Զգում էի, որ կարող եմ հաղթել մրցակցիս

Զգում էի, որ կարող եմ հաղթել, բայց չկարողացա գտնել ճիշտ մենամարտ վարելու ձեւը: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռիոյի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, ով մեկնարկային մենամարտում 0:3 հաշվով պարտվեց իսպանացի Սամուել Հարմոնա Հերերային եւ լքեց պայքարը:

Արթուր, մեկնարկային մենամարտում պարտվեցիր 0:3 հաշվով եւ ավարտեցիր պայքարդ Ռիո-2016-ում: Ի՞նչն էր պարտությանդ պատճառը:

Իսպանացի բռնցքամարտիկն առաջին երկու ռաունդներում ինձ հետ հավասար պայքար էր մղում: Բայց վերջին որոշիչ ռաունդում զիջեցի մրցակցիս աջ ձեռքիս վնասվածքի պատճառով: Իրականում վնասվածքը լուրջ չէր, մկանային ջղաձգում էր, որն ինձ թույլ չտվեց երրորդ ռաունդում աշխատացնել ձեռքս: Ցավը խանգարում էր: Չնայած ինքս էլ հասկանում էի, որ առաջին 2 ռաունդներում հավասար պայքար էր գնում, այդ մասին ասացին նաեւ բոլորը, ես էլ տեսագրությունով տեսա, բայց միեւնույն է՝ բոլոր ռաունդներում էլ մրցավարները միավորները տվեցին մրցակցիս:

Այսինքն՝ ըստ քեզ մրցավարներն արդար չդատեցի՞ն քո մենամարտը:

Չեմ ցանկանում մեղքը դնել մրցավարների վրա, քանի որ վերջում բարձրացվեց իսպանացի բռնցքամարտիկի ձեռքը, իսկ դա նշանակում է՝ հաղթողն ինքն է: Բայց նաեւ չեմ կարող չնշել, որ այո, անարդար բաշխվեցին միավորները, քանի որ իսկապես առաջին երկու ռաունդներում հավասար էին մեր ուժերը: Բայց ինչ արած, սա սպորտ է եւ այն էլ Օլիմպիական խաղեր ու ամեն ինչ կարող է լինել:

Մենամարտի ընթացքում ինքդ զգո՞ւմ էիր, որ ունես հաղթելու հնարավորություն:

Ես զգում էի, որ կարող եմ հաղթել, ուղղակի երեւի ճիշտ չաշխատեցի կամ չգտա ճիշտ մենամարտելու ձեւը: Մրցակիցս ինձանից ուժեղ չէր, դա հասկանում էի: Իսկ ավելի անկեղծ՝ առաջին երկու ռաունդներում քիչ, բայց առավելությունն իմ կողմն էր:

Գուցե լարվածությունը քեզ թույլ չտվե՞ց գտնել ճիշտ մենամարտելու մարտավարությունը:

Լարվածություն, բնականաբար կար, բայց երբ բարձրացա ռինգ, արդեն լարվածություն չէի զգում, հետեւաբար՝ այն չէր կարող ինձ խանգարել:

Արթուր, դու 20 տարեկան ես եւ արդեն Օլիմպիական խաղերի մասնակից: Ի՞նչ տվեց քեզ մասնակցությունը Խաղերում:

Հասկացա ու տեսա՝ չնայած, որ ոչնչով չեմ զիջում այստեղ ոչ մեկին իմ տարիքում, բայց դեռ շատ աշխատելու ու շտկելու գործ ունեմ ինքս իմ մեջ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով