18:39  ,  28 հուլիսի, 2016

Ռիո-2016. Հայաստանի օլիմպիականները. Սոնա Պողոսյան

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք ձեռք բերած Հայաստանի օլիմպիականներին: Խաղերի մեկնարկը կտրվի օգոստոսի 5-ին Ռիո դե Ժանեյրոյում:

Սոնա Պողոսյան, ծանրամարտ, 75 կգ քաշային կարգ

Ծնվել է 1998 թվականի հունիսի 29-ին Քասախում։

2013, 2015թթ․պատանիների եւ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն է, մասնակցել է Նանջինգ-2014-ի պատանեկան Օլիմպիական խաղերին եւ զբաղեցրել 6-րդ տեղը։ 2015 թ․ Հյուսթոնի մեծահասակների աշխարհի առաջնությունում C խմբում գրավել է առաջին տեղը։ 2016 թ․ մեծահասակների Եվրոպայի առաջնությում զբաղեցրել է 4-րդ տեղը, նույն թվականին Վրաստանում անցկացված եիտասարդների աշխարհի առաջնությունում կրկին 4-րդն է եղել։  

Անձնական մարզինչ է Արման Ղազարյանը։

Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականը նվաճել է երկու ուղեգիր։

Ամեն ինչ սկսվեց․․․

Ամեն ինչ սկսվեց 13 տարեկանից, երբ առաջին անգամ ընկերներիս հետ հաճախեցի Քասախի ծանրամարտի մարզադահլիճ։ Ինձ շատ էին ասում, որ լավ ֆիզիկական տվյալներ ունեմ կարող եմ ծանրամարտում հաջողություններ ունենալ։ Սկզբում լուրջ չէի ընդունում այդ այս խորհուրդները, բայց հետո առաջին փորձերից հետո ցանկություն առաջացավ լուրջ մարզվելու։ Այժմ արդեն լիարժեք նվիրվել եմ այս մարզաձեւին եւ չեմ ափսոսում, որ ընտրությունս կանգ է առել ծանրամարտի վրա:

Ծանրամարտը սկսել եմ սիրել մարզվելու ընթացքում: Այս մարզաձեւում ինձ գրավում է դժվարության, ծանրության հաղթահարումը:

Շատ կարծիքներ կան, որ ծանրամարտն աղջա մարզաձեւ չէ: Ամեն մեկն ունի իր կարծիքը եւ պատկերացումը մարզաձեւերի մասին: Ես սիրում եմ ծանրամատը, պայքարը անշունչ առարկայի՝ ծանրաձողի հետ։

Ես՝ Ռիո-2016-ի մասնակից․․․

Ծաղկաձորում ուսումնամարզական հավաքի էինք․ ես նախապատրաստվում էի Վրաստանում կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնությանը։ Այնտեղ իմացա, որ իմ կողմից շատ սիրված, ինձ համար այս մարզաձեւում կուռք Հռիփսիմե Խուրշուդյանը չի կարող մասնակցել Օլիմպիական խաղերին։ Իսկ կանանց Հայաստանի հավաքականը երկու օլիմպիական ուղեգիր ուներ։ Հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն հայտարարեց, որ ես եմ մասնակցելու Օլիմպիական խաղերին։ Մի պահ եւ շատ ուրախացա, եւ շատ տխրեցի։ Ուրախացա, որ արժանացել եմ այդ մեծ պատվին, բայց տխրեցի, որ Հռիփսիմեն չի կարող մասնակցել Խաղերին։

Ես գնում եմ Ռիո․․․

Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել մեր երկիրը Օլիմպիական խաղերում։ Ինչպես ամեն մի մարզիկի, այնպես էլ ինձ համար երազանք է եղել ներկայացնել Հայաստանը Օլիմպիական խաղերում։ Ամեն ինչ կանեմ լավ մասնակցության համար, կանեմ այն, ինչ կարողանում եմ։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով