17:50  ,  13 հուլիսի, 2016

Ռիո-2016. Հայաստանի օլիմպիականները. Հարություն Մերդինյան (ֆոտո)

NEWS.am Sport-ը ներկայացնում է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում մասնակցելու իրավունք ձեռք բերած Հայաստանի օլիմպիականներին: Օլիմպիական խաղերի մեկնարկը կտրվի օգոստոսի 5-ին Ռիո դե Ժանեյրոյում:

Հարություն Մերդինյանսպորտային մարմնամարզություն, նժույգ թափեր

Ծնվել է 1984 թվականի օգոստոսի 16-ին։

Ամուսնացած չէ։

Հայաստանի բազմակի չեմպիոն է, 2016թ․ Եվրոպայի չեմպիոն, 2015թ. Եվրոպայի փոխչեմպիոն,  2015թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,  2011 եւ 2012թթ. Եվրոպայի բրոզե մեդալակիր, 2006, 2014, 2015 եւ 2016 թթ․ աշխարհի գավաթակիր, 3 անգամ ընդգրկվել է Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում։

Ռիո-2016-ի ուղեգիրը նվաճել է 2015 թ․Գլազգոյում կայացած աշխարհի առաջնությունում։

Անձնական մարզիչն է Սոս Սարգսյանը։

Ամեն ինչ սկսվեց․․․

5 տարեկանում հայրս է ինձ բերել մարմնամարզության մարզադահլիճ։ Մարմնամարզությամբ զբաղվելու ցանկություն ու երազանք հայրս ունեցել է, ուղղակի ինչ-ինչ պատճառներով չի ստացվել իր մարզվելը։ Հետո երազել է, որ իր որդին պետք է զբաղվել այս մարզաձեւով եւ այդպես ինձ բերել է սպրոտի։ Առաջին քայլերս արել եմ Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում։ Մի քանի տարի մարզվելուց հետո, 1998 թվականին մարզիչիս՝ Սոս Սարգսյանի հետ տեղափոխվեցինք Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոց ու այստեղ շարունակվեց մարզական կարիերաս։

Շատ սիրեցի այս մարզաձեւը։ Ինձ համար մարմնամարզությունն ապրելակերպ է դարձել, շատ բան է ինձ տվել կյանքում՝ դաստիարակություն, կարգապահություն։ Շատ ուրախ եմ, որ հայրս հենց այս մարզաձեւն է ընտրել ինձ համար։ Արդեն երկար տարիներ է մարզվում եմ, զբաղվում ու ապրում եմ այս մարզաձեւով։

Ռիո-2016-ի ուղեգիրը նվաճեցի․․․

Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելն ինձ համար արդեն նվաճում է մարզական կարիերայումս։ Երկար եմ եկել այս նվաճմանը, այս ուղեգրին։ Իրականում շատ դժվար է ուղեգիր նվաճելը, մասնավորապես մեր մարմնամարզությունում․ պետք է ամենաքիչը աշխարհի առաջնությունում երրորդ տեղը զբաղեցնես։

Նախորդ տարիներին էլ եմ փորձել Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք ձեռք բերել, բայց չի հաջողվել։ Երեւի սպորտային հաջողությունը չի ժպտացել ինձ կամ գուցե դեռ ժամանակը հասունացած չի եղել։ Ինչ-ինչ պատճառներով միշտ միայն ցանկություն ու երազանք է մնացել ուղեգիր նվաճելը, բայց շատ ուրախ եմ, որ 2015 թվականի աշխարհի առաջնությունում ինձ հաջողվեց, սպորտային բախտն ինձ ժպտաց, եւ ես կարողացա դառնալ բրոնզե մեդալակիր, դրա հետ մեկտեղ էլ նաեւ վարկանիշ ձեռք բերեցի։

Ես գնում եմ Ռիո․․․

Գնում եմ լավ մասնակցություն, արդյունք, ինչու չէ՝ գերազանց հանդես գալու։ Լուրջ եմ տրամադրված։ Շատ ուշադիր հետեւում եմ մարզիչներիս հրահանգներին։ Մինչ մեկնարկս կշտկենք բոլոր թերություններս, որպեսզի կատարյալ հանդես գամ Օլիմպիական խաղերում։ Գնում եմ Ռիո անելու այն, ինչ կարողանում եմ, նույնիսկ ավելին։ Ինձ թվում է՝ խնդիր չի առաջանալու, լավ մարզավիճակում եւ լավ հոգեվիճակում դուրս կգամ մեկնարկի եւ Հայաստանը պատվով կներկայացնեմ։

Սպասումներ, հույսեր․․․

Բոլորի սպորտային երազանքը՝ ամենաբարձր նվաճմանը հասնելն է, օլիմպիական չեմպիոնի ոսկին․ իմ երազանքն էլ է դա։ Ինձ թվում է կկարողանամ այնպես հանդես գալ, որ եւ ես, եւ մարզիչներս գոհ մնանք։ Սպորտային բախտը եթե մեզ ժպտա, ամեն ինչ լավ կլինի։ Միայն թե մի քիչ բախտ ունենանք ու չլարվենք, լավ կլինի։

Հակոբ Սերոբյան. (մրցավարի կարգավիճակում սպասարկելու է Ռիոյի Օլիմպիական խաղերը)

Հարություն Մերդինյանը շատ ուժեղ կամքի տեր ունեցող տղա է։ Արդեն 32 տարեկան է, բայց դեռ նրա ուշք ու միտքը, նպատակը այս մարզաձեւում կատարելագործվելն ու ամենաբարձր նվաճմանը հասնելն է։ Աղջիկների հետ դեռ գլուխ չի դնում։ Անգամ իմացել ենք, որ աղջիկներն են իրենով հետաքրքրվում, բայց Հարությունը մի նպատակ ունի իր առջեւ դրած՝ Ռիոյից մեդալով վերադառնալ։ Ու դրա համար ջանք ու եռանդ չի խնայում, իր անձնական մարզիչի՝ Սոս Սարսգյանի հետ մարզվում են, միասին շտկումներ ենք անում, եւ ես համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։

Լուսինե Շահբազյան

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ