13:45  ,  11 հուլիսի, 2016

Պորտուգալիայի նախագահը շքանշան կհանձնի ֆուտբոլիստներին, Ֆրանսուա Օլանդն ընթրիքի է հրավիրել ֆրանսիացիներին

Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզան ազգային հավաքականի ֆուտբոլիստներին կպարգեւատրի երկրին մատուցած ծառայությունների համար:

Ֆրանսիայում ավարտված Եվրո-2016-ում տարած հաղթանակի համար Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստները կարժանանան երրորդ աստիճանի շքանշանի, գրում է Record-ը:

Աղբյուրը նշում է, որ շքանշաններ հանձնելու որոշումն արդեն կայացված էր, մնում էր միայն պարզել դրանց աստիճանը:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն էլ, չնայած եզրափակիչում կրած պարտությանը, ընթրիքի է հրավիրել ազգային հավաքականի ֆուտբոլիստներին ու մարզիչներին, ինչպես նաեւ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեին: Երկրի ղեկավարը ֆուտբոլիստներին կընդունի հուլիսի 11-ին Ելիսեյան պալատում:

Հիշեցնենք, որ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած եզրափակիչում պորտուգալացիները լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթել էին Ֆրանսիային՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն: Պորտուգալիայի հավաքականը 25-րդ րոպեից խաղում էր առանց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի, որը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել խաղը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով