10:59  ,  11 հուլիսի, 2016

Եվրո-2016. Պորտուգալիա - Ֆրանսիա. Մարզիչների կարծիքները

Ֆուտբոլի Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի եզրափակիչ խաղից հետո 2 թիմերի գլխավոր մարզիչները կիսվել են տպավորություններով:

Դիդյե Դեշամ (Ֆրանսիա). «Բաց թողեցինք տնային Եվրոյում հաղթելու շանսը: Շատ հիասթափված եմ, խոսքեր չունեմ: Ժամանակ է պետք, որպեսզի հաղթահարենք այս ամենը: Մենք հաղթել ու պարտվել ենք միասին: Հիանալի կլիներ տիտղոս պարգեւել ֆրանսիացիներին, բայց մենք չարեցինք դա: Մեզ չբավականացրեց համարձակությունը: Հաղթանակի համար հնարավորություններ կային: Ստացվեց շատ բարդ ու փակ խաղ:

Ինչ վերաբերում է Պորտուգալիայի հաջողությանը, ապա հաղթանակը միշտ արժանի է լինում: Նրանք պատահական չէին հայտնվել եզրափակիչում: Այդ թիմը խմբում գրավել էր երրորդ տեղը, սակայն հաղթեց ամենակարեւոր խաղում: Գուցե նախկինում Պորտուգալիան ունեցել է ավելի վառ սերունդ, սակայն հաջողության հասավ հենց այս թիմը: Մենք չէինք սպասում հետխաղյա 11 մետրանոցներին եւ ցանկանում էինք հաղթել: Դա օգնեց պորտուգալացիներին, որոնք պատժեցին մեզ: Մրցակիցն աչքի էր ընկնում թիմային լավ պաշտպանությամբ եւ անցկացնում էր արագ հակագրոհներ: Առանց Ռոնալդուի էլ նրանք գրոհում էին: Գերմանիայի դեմ կիսաեզրափակիչից հետո լիովին չէինք վերականգնվել: Այդ խաղը մեծ ուժեր խլեց մեզանից: Մարզչական շտաբն արեց հնարավոր ամեն բան, բայց թարմության պակաս կար»,- ասել է Դեշամը, որը նշել է, որ Ֆրանսիայի հավաքականին ինքն է նախապատրաստելու ԱԱ-2018-ի ընտրական փուլին:

Ֆերնանդու Սանտուշ (Պորտուգալիա). «Շատ ուրախ եմ: Իհարկե, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, կնոջս, մորս ու թոռնիկիս: Երեւի, հիմա հայրս գարեջուր է խմում ինչ-որ տեղ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաեւ Հունաստանին: Ոչ ոք չի կարող տիտղոս նվաճել Եվրոյում՝ հաղթելով միայն մեկ խաղում: Լրացուցիչ ժամանակում կամ 11 մետրանոցներով հաղթելը եւս հաղթանակ է: Մենք երկար ճանապարհ ենք անցել եւ արժանի էինք այս հաղթանակին: Մենք ունենք տաղանդներ, վարպետություն, բայց ես ֆուտբոլիստներին միշտ ասել եմ, որ պետք է լինենք լավ կազմակերպված, կարգապահ, մարտունակ թիմ եւ կարողանանք կռվել դաշտում: 

Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա նա հրաշալի ֆուտբոլիստի վառ օրինակ է: Այսօր նա փորձում էր մնալ դաշտում: Նա ուժեղ մնաց նաեւ հանդերձարանում, եւ փորձում էր օգնել բոլոր տղաներին: Սա միասնական աշխատանք է: Մենք ունենք լուսավոր ապագա, բայց հիմա պետք է վայելել հաղթանակը: Չգիտեմ, թե ինչու մարդիկ չեն սիրում Պեպեին, բայց այսօր նա անկրկնելի էր եւ արժանի էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Ռուի Պատրիսիուն եւս անցկացրեց արտակարգ խաղ: Ռոնալդուի վնասվածքի դրվագում կար խախտում եւ Պայետը պետք է զգուշացվեր: Ես հարգում եմ մրցավարների աշխատանքը, եւ չեմ պատրաստվում սովորեցնել նրանց, սակայն իմ համար միանշանակ է, որ Կրիշտիանուի դեմ պայքարում կար խախտում»,- փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած եզրափակիչում պորտուգալացիները լրացուցիչ ժամանակում հաղթել էին նվազագույն հաշվով՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն: Պորտուգալիայի հավաքականը 25-րդ րոպեից խաղում էր առանց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի, որը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել խաղը: Պորտուգալացիները Ֆրանսիային նախորդ անգամ հաղթել էին 41 տարի առաջ, իսկ վերջին 10 խաղերում հաջողությունն ուղեկցել էր ֆրանսիացիներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս