10:59 11 հուլիսի, 2016Ֆուտբոլի Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի եզրափակիչ խաղից հետո 2 թիմերի գլխավոր մարզիչները կիսվել են տպավորություններով:
Դիդյե Դեշամ (Ֆրանսիա). «Բաց թողեցինք տնային Եվրոյում հաղթելու շանսը: Շատ հիասթափված եմ, խոսքեր չունեմ: Ժամանակ է պետք, որպեսզի հաղթահարենք այս ամենը: Մենք հաղթել ու պարտվել ենք միասին: Հիանալի կլիներ տիտղոս պարգեւել ֆրանսիացիներին, բայց մենք չարեցինք դա: Մեզ չբավականացրեց համարձակությունը: Հաղթանակի համար հնարավորություններ կային: Ստացվեց շատ բարդ ու փակ խաղ:
Ինչ վերաբերում է Պորտուգալիայի հաջողությանը, ապա հաղթանակը միշտ արժանի է լինում: Նրանք պատահական չէին հայտնվել եզրափակիչում: Այդ թիմը խմբում գրավել էր երրորդ տեղը, սակայն հաղթեց ամենակարեւոր խաղում: Գուցե նախկինում Պորտուգալիան ունեցել է ավելի վառ սերունդ, սակայն հաջողության հասավ հենց այս թիմը: Մենք չէինք սպասում հետխաղյա 11 մետրանոցներին եւ ցանկանում էինք հաղթել: Դա օգնեց պորտուգալացիներին, որոնք պատժեցին մեզ: Մրցակիցն աչքի էր ընկնում թիմային լավ պաշտպանությամբ եւ անցկացնում էր արագ հակագրոհներ: Առանց Ռոնալդուի էլ նրանք գրոհում էին: Գերմանիայի դեմ կիսաեզրափակիչից հետո լիովին չէինք վերականգնվել: Այդ խաղը մեծ ուժեր խլեց մեզանից: Մարզչական շտաբն արեց հնարավոր ամեն բան, բայց թարմության պակաս կար»,- ասել է Դեշամը, որը նշել է, որ Ֆրանսիայի հավաքականին ինքն է նախապատրաստելու ԱԱ-2018-ի ընտրական փուլին:
Ֆերնանդու Սանտուշ (Պորտուգալիա). «Շատ ուրախ եմ: Իհարկե, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, կնոջս, մորս ու թոռնիկիս: Երեւի, հիմա հայրս գարեջուր է խմում ինչ-որ տեղ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաեւ Հունաստանին: Ոչ ոք չի կարող տիտղոս նվաճել Եվրոյում՝ հաղթելով միայն մեկ խաղում: Լրացուցիչ ժամանակում կամ 11 մետրանոցներով հաղթելը եւս հաղթանակ է: Մենք երկար ճանապարհ ենք անցել եւ արժանի էինք այս հաղթանակին: Մենք ունենք տաղանդներ, վարպետություն, բայց ես ֆուտբոլիստներին միշտ ասել եմ, որ պետք է լինենք լավ կազմակերպված, կարգապահ, մարտունակ թիմ եւ կարողանանք կռվել դաշտում:
Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա նա հրաշալի ֆուտբոլիստի վառ օրինակ է: Այսօր նա փորձում էր մնալ դաշտում: Նա ուժեղ մնաց նաեւ հանդերձարանում, եւ փորձում էր օգնել բոլոր տղաներին: Սա միասնական աշխատանք է: Մենք ունենք լուսավոր ապագա, բայց հիմա պետք է վայելել հաղթանակը: Չգիտեմ, թե ինչու մարդիկ չեն սիրում Պեպեին, բայց այսօր նա անկրկնելի էր եւ արժանի էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Ռուի Պատրիսիուն եւս անցկացրեց արտակարգ խաղ: Ռոնալդուի վնասվածքի դրվագում կար խախտում եւ Պայետը պետք է զգուշացվեր: Ես հարգում եմ մրցավարների աշխատանքը, եւ չեմ պատրաստվում սովորեցնել նրանց, սակայն իմ համար միանշանակ է, որ Կրիշտիանուի դեմ պայքարում կար խախտում»,- փոխանցում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած եզրափակիչում պորտուգալացիները լրացուցիչ ժամանակում հաղթել էին նվազագույն հաշվով՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն: Պորտուգալիայի հավաքականը 25-րդ րոպեից խաղում էր առանց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի, որը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել խաղը: Պորտուգալացիները Ֆրանսիային նախորդ անգամ հաղթել էին 41 տարի առաջ, իսկ վերջին 10 խաղերում հաջողությունն ուղեկցել էր ֆրանսիացիներին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.