03:09  ,  11 հուլիսի, 2016

Ռոնալդու. Կարիերայիս ամենագեղեցիկ պահն է

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո կիսվել է տպավորություններով:

«Ես երջանիկ եմ եւ այս պահի մասին երազել եմ 2004-ից: Կարծում եմ՝ մեր երկիրն արժանի էր այս հաղթանակին: Այսօր, ցավոք, վնասվածքի պատճառով ստիպված եղա ժամանակից շուտ լքել խաղադաշտը: Սակայն միշտ հավատացել եմ մեր թիմին ու մարզիչի մարտավարությանը: Սա իմ կարիերայի ամենագեղեցիկ պահն է»,- ասել է 31-ամյա Ռոնալդուն, փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթել էր ֆրանսիացիներին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն: Ռոնալդուն վնասվածքի պատճառով փոխարինվել էր 25-րդ րոպեին: Նախնական ախտորոշմամբ, նրա ապաքինման համար կպահանջվի մեկ ամսից ավելի:

Ուելսի հավաքականի դեմ կիսաեզրափակիչի խաղում 31-ամյա Ռոնալդուն 9-րդ գոլն էր խփել Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարերում եւ կրկնել ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Միշել Պլատինիի ռեկորդը: Եզրափակիչում աչքի ընկնելու դեպքում նա կդառնար Եվրոների պատմության լավագույն ռմբարկուն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով